16:04  ,  27 հոկտեմբերի, 2026

Մամիկոն Խաչատրյան. Իմ եւ Համլետ Մանուկյանի երազանքը կատարվեց (տեսանյութ)

Իմ եւ Համլետ Մանուկյանի երազանքը կատարվեց: Շատ էինք սպասել, որ աշխարհի առաջնության ժամանակ կարողանանք երկուսս էլ բարձրանալ դրոշով, կանգնել պատվո հարթակին եւ մեր դրոշը բարձրացնել միասին:

Այս մասին «Զվարթնոցում» ասաց աշխարհի բրոնզե մեդալ նվաճած 20-ամյա Մամիկոն Խաչատրյանը, որը նախորդ գիշեր սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմի հետ Ռոտերդամից վերադարձել է հայրենիք:

Աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոնը Նիդերլանդներում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:

«Այս պահին ես, Համլետ Մանուկյանը եւ մեր մարզիչները շատ էինք սպասել, որ աշխարհի առաջնության ժամանակ կարողանանք երկուսս էլ բարձրանանք դրոշով, կանգնել պատվո հարթակին եւ մեր դրոշը բարձրացնենք միասին: Դարձանք աշխարհի չեմպիոն եւ մեդալակիր ու մեր երազանքը կատարվեց: Աննկարագրելի էմոցիաներ ենք ապրել Ռոտերդամում, բառերով չեմ կարող փոխանցել:

Լարվածությունը շատ մեծ էր, քանի որ աշխարհի առաջնություն էր: Ամենաչնչին սխալը կարող էր ճակատագրական լինել, մեդալի չարժանանայինք: Իտալացի մրցակիցը շատ բարձր միավոր էր հավաքել արդեն այն ժամանակ, երբ դեռ ես եւ Համլետը չէինք մեկնարկել: Մենք կենտրոնացել էինք կոնկրետ մեր վարժությունը լավ կատարելու վրա: Ստացվեց այդ պահին կենտրոնանալ եւ լավագույն ձեւով հանդես գալ:

Աշխարհի առաջնության մեդալն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Անցած տարի նվաճեցի արծաթե մեդալ, այս տարի՝ բրոնզե: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարեւոր նվաճում է: Կփորձենք մեր ամբողջ ուժերը, եռանդը ներդնել, որպեսզի եւս մեկ անգամ աշխարհի առաջնության մեդալ նվաճենք:

Այս պահին հաջորդ նպատակս 2027 թվականի Եվրոպայի առաջնությունն է, որը տեղի է ունենալու Երեւանում: Ցանկանում եմ իմ ուժերի առավելագույնով պատրաստվել, մասնակցել եւ բարձր արդյունք գրանցել, որպեսզի ուրախացնենք հայ ժողովրդին»,- ասաց Մամիկոն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Մամիկոն Խաչատրյանը բրոնզե մեդալակիր դարձավ նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակելով 15.000 միավոր:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news