00:34 4 ապրիլի, 2018Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ պարտվեց 0:3 հաշվով: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը եւ բրազիլացի պաշտպան Մարսելոյի գոլը:
Արդեն երրորդ րոպեին Արքայական թիմի իսպանացի կիսապաշտպան Իսկոյի փոխանցումից հետո Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին արդյունավետ օգտագործեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի փոխանցումը՝ հետադարձ հարվածով խփելով գեղեցիկ գոլ:
Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որն առնվազն մեկ գոլ է խփում 10-րդ խաղում անընդմեջ: Նա գերազանցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը, որը 2002-2003 թվականների մրցաշրջանում աչքի էր ընկել 9 անընդմեջ հանդիպումներում:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9 հանդիպումներում Ռոնալդուն խփել է 14 գոլ:
Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Ռոնալդուն դարձել է 39 գոլի հեղինակ եւ լավագույնն է: Նրանից 2 գոլ է հետ «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը:
66-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: Դրանից հետո «Ռեալը» հաշիվը դարձրեց 3:0: Մարսելոն գրավեց իտալացի Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը: Գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն:
Օրվա մյուս խաղում իսպանական «Սեւիլիան» տանը մրցեց Մյունխենի «Բավարիայի» հետ, որը տարավ կամային հաղթանակ՝ 2:1: 32-րդ րոպեին դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան գրավեց գերմանացի Սվեն Ուլրայխի պաշտպանած դարպասը: 5 րոպե անց «Սեւիլիայի» իսպանացի կիսապաշտպան Խեսուս Նավասը դարձավ ինքնագոլի հեղինակ «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հզոր հարվածից հետո: Երկրորդ խաղակեսում Ռիբերիի փոխանցումից հետո գերմանացի Յուպ Հայնկեսի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան:
Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին:
Ապրիլի 4-ին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացնեն «Բարսելոնան» ու «Ռոման» եւ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:3
Կրիշտիանու Ռոնալդու, 3, 64, Մարսելո, 72
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2
Պաբլո Սարաբիա, 32 – Խեսուս Նավաս, 37, ինքնագոլ, Տիագո Ալկանտարա, 68
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.