09:11  +04,  29 մարտի, 2018

Արթուր Աբրահամ․ Պարտություններն աննկարագրելի ծանր եմ տանում

Մեծագույն նպատակս աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելն է: Պարտություններն աննկարագրելի ծանր եմ տանում, եւ իմ նախորդ մենամարտում կրածս պարտությունն էլ բացառություն չէր: Ինձ իմ տարիքը դեռ իր մասին ռինգում չի հիշեցրել եւ մենամարտի օրը ես Նիլսենին ցույց կտամ, թե տարիքն ու արագությունն ում կողմն են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ),  որն ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում կմենամարտի դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) հետ:

38-ամյա բռնցքամարտիկի խոսքով, նա դեռ պատրաստ չէ ավարտել կարիերան եւ մտածում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու մասին: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին։

Արթուր, շուրջ մեկ ամսից քեզ կրկին կտեսնենք ռինգում: Նախորդ մենամարտիցդ անցել է մոտ 9 ամիս: Ի՞նչն էր ռինգից այսքան երկար բացակայության պատճառը:

Իմ մենամարտերի հետ կապված ամեն ինչ` վայրը, մրցակցին, ժամանակացույցը որոշում է Sauerland event  պրոմոուտերական կազմակերպությունը, որի հետ պայմանագիր ունեմ: Մենեջերս մրցակից գտնելու երկար բանակցությունների մեջ էր, եւ դրա համար պահանջվեց երկար ժամանակ:

Մրցակիցդ լինելու է դանիացի Պատրիկ Նիլսենը: Ինչպե՞ս ես տրամադրված մենամարտիդ:

Հաղթական. ես պատրաստ եմ եւ կարող եմ նորից դառնալ աշխարհի չեմպիոն: Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար եւ նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Ես կլինեմ այդ մարզիկը:

Ինչպե՞ս քեզ մրցակից ընտրվեց Նիլսենը: Եվ ի՞նչ կասես նրա մասին:

Ինչպես նշեցի, մենեջերս է ընտրել, բանակցել նրա ներկայացուցիչների հետ եւ եկել ընդհանուր հայտարարի: Մրցակիցս երիտասարդ, ուժեղ, հավակնոտ մարզիկ է, բայց ես կհաղթեմ նրան:

Ի՞նչ մարզումային փուլ ես անցել, որտե՞ղ ես մարզվել եւ այս պահին ի՞նչ մարզավիճակում ես:

Այս ամբողջ ընթացքում մարզվել եմ, երբեք չեմ դադարեցրել մարզումներս, հիմա էլ Բեռլինում ավելի խիստ ռեժիմով եմ մարզվում:

Քո հարցազրույցում նշել ես, որ դեռ չես ցանկանում «գնալ թոշակի»: Ի՞նչ նպատակներ ունես բռնցքամարտում եւ դեռ որքա՞ն ժամանակ կուրախացնես երկրպագուներիդ:

Մեծագույն նպատակս աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն է, դեռ 1-1,5 տարի կլինեմ ռինգում:

Ասում են՝ բռնցքամարտում տարիքն ամենամեծ խոչընդոտն է: Համամի՞տ ես այս կարծիքի հետ եւ երբեւէ ռինգում տարիքդ քեզ «հիշեցրե՞լ» է իր մասին:

Տարիքը խոչընդոտ է դառնում, երբ սկսում է հիշեցնել քեզ իր մասին: Բոլոր տարեց բռնցքամարտիկներն էլ ասում են, որ ինչ-որ պահի տարիքը սկսեց զգալ տալ: Նման բան դեռ չի պատահել ինձ հետ:

Պատրիկ Նիլսենն իր հերթին իր հարցազրույցում նշել է, որ ձեր մենամարտում տարիքն ու արագությունն իր կողմն են։ Ի՞նչ կասես այս մասին:

Չեմ մեկնաբանի նրա ասածը, ռինգում ցույց կտամ, թե տարիքը եւ արագությունը ում կողմից են:

Արթուր, քո մենամարտերը հիմնականում համընկնում են Հայոց ցեղասպանության զոհերի տերելիցի օրերին: Հատու՞կ ես ընտրում այդ օրերը, թե ուղղակի զուգադիպություն է: Եվ հերթական հաղթանակդ կերտելուց հետո ում կնվիրես այն:

Իմ մենեջերական թիմի ընտրությամբ է որոշվում օրը: Հենց հաղթեմ, տեղում կասեմ, թե ում եմ նվիրում հաղթանակս:

Նախորդ մենամարտում, որը կայացել էր 2017 թվականի հունիսի 15-ին, մրցավարների միաձայն որոշմամբ պարտվեցիր բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: Ո՞րն էր այդ պարտության պատճառը:

Նա ամուր մարզիկ էր, շարժուն, դիմադրող... Դիմադրեց, դիմադրեց եւ միավորներով հաղթանակ տարավ:

Ի՞նչ ազդեցություն թողեց այդ պարտությունը քեզ վրա, ի՞նչ նոր փոփոխություններ կլինեն քո բռնցքամարտում:

Պարտությունները բոլորն էլ աննկարագրելի ծանր եմ տարել, դա էլ բացառություն չէր: Փոփոխությունների մասին դեռ վաղ է խոսել: Ամեն ինչ կանեմ իմ մարտարվեստի երկրպագուների սպասելիքները արդարացնելու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ