15:40  ,  24 փետրվարի, 2018

Հայաստանի առաջնություն. Գոռ Մինասյանն ուժեղ էր Սիմոն Մարտիրոսյանից (ֆոտո)

Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: 8 քաշային կարգերում 160 ծանրորդներ պայքարեցին չեմպիոնի կոչման համար: Վերջին օրը պայքարի դուրս եկան 105 եւ +105 կգ քաշայինները: 105 կգ քաշայինների կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը` 375 կգ երկամարտի արդյունքով:

Հետաքրքիր ստացվեց +105 կգ քաշայինների պայքարը օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի մասնակցությմաբ: Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցումը ձախողեց: Ծանրաձողի քաշը 180 կգ էր: Նա վարժությունն ավարտեց 185 կգ-ով: Նույն վարժությունը Գոռ Մինասյանը սկսեց 180 կգ-ից եւ ավարտեց 195 կգ-ով:

Հրում վարժությունն անհաջող ստացվեց երկու ծանրորդների համար էլ. թե Սիմոն Մարտիրոսյանը, թե Գոռ Մինասյանը 3 մոտեցումներից միայն մեկը կարողացան հաջող կատարել, երկուսնել վարժությունն ավարտելով 220 կգ-ով: Առաջին վարժությունում ձեռք բերած առավելության շնորհիվ էլ չեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը:

Այս քաշային կարգում երրորդ տեղը զբաղեցրեց Վարազդատ Լալոյանը` 370 կգ երկամարտի արդյունքով:

105 կգ քաշայինների պայքարին մասնակցում էր 8 ծանրորդ, իսկ գերծանրքաշայինների պայքարին՝ 4: Վնասվածքի պատճառով Հայաստանի առաջնությունը բաց թողեց գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը:

56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը (երկամարտ` 220 կգ), 62 կգ-ում ոսկե մեդալ նվաճեց Խաչիկ Հարությունյանը (233 կգ), 69 կգ` Հրայր Հովհաննիսյանը (287կգ), 77 կգ` Ժորժ Եղիկյանը (310 կգ), 85 կգ`Հակոբ Մկրտչյանը (355 կգ), 94 կգ` Սամվել Բաբակյանը (343 կգ):

85 կգ քաշայինների պայքարին մասնակցեց նաեւ Եվրոպայի նախկին չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, որն անհաջող հանդես եկավ եւ 0 ստացավ: Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակիցը պոկում վարժությունում գրանցեց լավագույն արդյունքը (165 կգ), սակայն հրում վարժությունում ձախողվեց։ Առաջին մոտեցումով նա չկարողացավ բարձրացնել 181 կգ, իսկ երկրորդ մոտեցման ժամանակ՝ 185 կգ։ Երրորդ մոտեցումից Անդրանիկը հրաժարվեց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով