15:15  ,  31 հունվարի, 2018

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դարձան թիմակիցներ

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է գերմանական ակումբի կայքը:

«Արսենալի» կայքը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացվել է ակումբի համար ռեկորդային գումարով, որի չափը չի նշվում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Օբամեյանին  ձեռք բերելու համար անգլիական ակումբը կվճարի 63 միլիոն եվրո: «Արսենալում» հարձակվողը կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մասնակցել է 16 խաղի, դարձել 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2013-ին ֆրանսիական «Սենտ Էթյենից» էր տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 213 խաղ եւ խփել 172 գոլ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը Օբամեյանգի հետ 2013-2016-ը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում