17:55  +04,  30 հուլիսի, 2012

Յուրի Պատրիկեեւ. Դուստրս իմ մուսան է, ինձ ուժ տվողն ու ուժերիս հանդեպ հավատ ներշնչողը

«Ինձ ոգեշնչում է իմ 4-ամյա աղջիկը: Եթե Օլիմպիական խաղերից վերադառնամ ոսկե մեդալով՝ կլինի նրա շնորհիվ»,- ասել է 120 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւն այս օրերին հանգստանում է Լոնդոն մեկնելուց առաջ: Նա արդեն ավարտել է մարզումների ակտիվ փուլը եւ մրցավայր կմեկնի օգոստոսի 2-ի առավոտյան, մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին։

Ինչպե՞ս ես տրամադրված այս Խաղերին:

Հիանալի տրամադրություն ունեմ: Ես արդեն ավարտել եմ մարզումներս: Լոնդոն մեկնելուց առաջ մեկ շաբաթ կհանգստանամ: Ուժերս, էներգիաս այդ մեկ շաբաթում պետք է կենտրոնացեմ միայն հաղթանակիս վրա:

Հաջողվե՞ց նախաօլիմպիական մարզումներն անցկացնել առանց վնասվածքների:

Փառք Աստծո, նախաօլիմպիական մարզումներն անցան առանց վնասվածքների եւ ցավերի: Սա շատ կարեւոր հանգամանք է յուրաքանչյուր մարզիկի համար:

Դու Պեկինի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր էիր: Այս Օլիմպիական խաղերին ի՞նչ  մեդալի ետեւից ես գնում:

Նպատակս միայն ոսկե մեդալն է եւ գնում եմ միայն ոսկե մեդալի ետեւից:

Սա քո երկրորդ Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ է նշանակում քեզ համար մասնակցությունը Խաղերին:

Սա իմ սպորտային կարիերայի նպատակակետն է, որով առաջնորդվում եմ: Եթե մարզիկը  չի ձգտում մասնակցել Օլիմպիական խաղերի, ուրեմն նա մարզիկ կոչվելու իրավունք չունի: Ես, օրինակ՝ մանկուց եմ երազել որպես մարզիկ այնքան զարգանամ, որ ընգրկվեմ Օլիմպիական խաղերի մասնակիցների շարքում: Մանկությանս երազանքն իրականացել է՝ մասնակցել Խաղերին: Հիմա երազում եմ գլխավոր տիտղոսին արժանանալու մասին:

Քեզ արդեն հայ համարո՞ւմ ես:

Արդեն, այո: Բավական երկար ժամանակ է ապրում եմ այստեղ: Ես ծնունդով Կիրովո Չեպեցկից եմ, կինս՝ Կրասնոդարից: Բայց Հայաստանը նույնքան հարազատ է ինձ, որքան Ռուսաստանը: Նույնը եւ հայերը: Ես ձեր մեջ ինձ զգում եմ լիարժեք հայ եւ պայքարում եմ Հայաստանին ոսկե մեդալ պարգեւելու համար: Այստեղ ես ինձ լավ եմ զգում. սիրելի կինս ինձ հետ է, ունեմ հրաշալի մի դուստր, զբաղվում եմ իմ սիրելի մարզաձեւով:

Կինդ եւ դուստրդ ինչպե՞ս են քաջալերում քեզ Լոնդոն մեկնելուց առաջ:

Աղջիկս ինձ շատ է օգնում: Կարելի  է ասել՝ նա իմ մուսան է, ինձ ուժ տվողն ու ուժերիս հանդեպ հավատ ներշնչողը: Եթե ոսկե մեդալով վերադառնամ, հաղթանակս կնվիրեմ նրան, քանի որ նրա շնորհիվ կլինի նվաճածս հաղթանակը: Ես ամեն վայրկյան մտածում եմ նրա մասին՝ թե մրցագորգում գոտեմարտելիս, թե մրցագորգից  դուրս: Նա շատ փոքր է, ընդամենը 4 տարեկան։ Նույնիսկ, երբ անհաջողություններն են ինձ հետապնդում՝ օգնում է անհաջողությունների միջից դուրս գալ: Տրամադրությունս էլ է կարողանում բարձրացնել: Հիմա, որ այսքան լավ տրամադրություն ունեմ եւ այսքան դրական եմ տրամադրված կյանքիս ամենակարեւոր մրցմանը՝ աղջկաս շնորհիվ է:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով