17:55 30 հուլիսի, 2012«Ինձ ոգեշնչում է իմ 4-ամյա աղջիկը: Եթե Օլիմպիական խաղերից վերադառնամ ոսկե մեդալով՝ կլինի նրա շնորհիվ»,- ասել է 120 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւն այս օրերին հանգստանում է Լոնդոն մեկնելուց առաջ: Նա արդեն ավարտել է մարզումների ակտիվ փուլը եւ մրցավայր կմեկնի օգոստոսի 2-ի առավոտյան, մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին։
Ինչպե՞ս ես տրամադրված այս Խաղերին:
Հիանալի տրամադրություն ունեմ: Ես արդեն ավարտել եմ մարզումներս: Լոնդոն մեկնելուց առաջ մեկ շաբաթ կհանգստանամ: Ուժերս, էներգիաս այդ մեկ շաբաթում պետք է կենտրոնացեմ միայն հաղթանակիս վրա:
Հաջողվե՞ց նախաօլիմպիական մարզումներն անցկացնել առանց վնասվածքների:
Փառք Աստծո, նախաօլիմպիական մարզումներն անցան առանց վնասվածքների եւ ցավերի: Սա շատ կարեւոր հանգամանք է յուրաքանչյուր մարզիկի համար:
Դու Պեկինի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր էիր: Այս Օլիմպիական խաղերին ի՞նչ մեդալի ետեւից ես գնում:
Նպատակս միայն ոսկե մեդալն է եւ գնում եմ միայն ոսկե մեդալի ետեւից:
Սա քո երկրորդ Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ է նշանակում քեզ համար մասնակցությունը Խաղերին:
Սա իմ սպորտային կարիերայի նպատակակետն է, որով առաջնորդվում եմ: Եթե մարզիկը չի ձգտում մասնակցել Օլիմպիական խաղերի, ուրեմն նա մարզիկ կոչվելու իրավունք չունի: Ես, օրինակ՝ մանկուց եմ երազել որպես մարզիկ այնքան զարգանամ, որ ընգրկվեմ Օլիմպիական խաղերի մասնակիցների շարքում: Մանկությանս երազանքն իրականացել է՝ մասնակցել Խաղերին: Հիմա երազում եմ գլխավոր տիտղոսին արժանանալու մասին:
Քեզ արդեն հայ համարո՞ւմ ես:
Արդեն, այո: Բավական երկար ժամանակ է ապրում եմ այստեղ: Ես ծնունդով Կիրովո Չեպեցկից եմ, կինս՝ Կրասնոդարից: Բայց Հայաստանը նույնքան հարազատ է ինձ, որքան Ռուսաստանը: Նույնը եւ հայերը: Ես ձեր մեջ ինձ զգում եմ լիարժեք հայ եւ պայքարում եմ Հայաստանին ոսկե մեդալ պարգեւելու համար: Այստեղ ես ինձ լավ եմ զգում. սիրելի կինս ինձ հետ է, ունեմ հրաշալի մի դուստր, զբաղվում եմ իմ սիրելի մարզաձեւով:
Կինդ եւ դուստրդ ինչպե՞ս են քաջալերում քեզ Լոնդոն մեկնելուց առաջ:
Աղջիկս ինձ շատ է օգնում: Կարելի է ասել՝ նա իմ մուսան է, ինձ ուժ տվողն ու ուժերիս հանդեպ հավատ ներշնչողը: Եթե ոսկե մեդալով վերադառնամ, հաղթանակս կնվիրեմ նրան, քանի որ նրա շնորհիվ կլինի նվաճածս հաղթանակը: Ես ամեն վայրկյան մտածում եմ նրա մասին՝ թե մրցագորգում գոտեմարտելիս, թե մրցագորգից դուրս: Նա շատ փոքր է, ընդամենը 4 տարեկան։ Նույնիսկ, երբ անհաջողություններն են ինձ հետապնդում՝ օգնում է անհաջողությունների միջից դուրս գալ: Տրամադրությունս էլ է կարողանում բարձրացնել: Հիմա, որ այսքան լավ տրամադրություն ունեմ եւ այսքան դրական եմ տրամադրված կյանքիս ամենակարեւոր մրցմանը՝ աղջկաս շնորհիվ է:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.