00:37  ,  11 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Պորտուգալիան ու Ֆրանսիան նվաճեցին ուղեգիր, Հոլանդիան լքեց պայքարը

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցնի առանց Հոլանդիայի հավաքականի, որը բաց էր թողել նաեւ Եվրո-2016-ը:

Հոկտեմբերի 10-ին ավարտվեց աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարը: Վերջին օրն անցկացվեցին A, B եւ H խմբերի 10-րդ տուրի հանդիպումները:

A խմբում Ֆրանսիայի հավաքականը Փարիզում 2:1 հաշվով հաղթեց Բելառուսին եւ, խմբում գրավելով առաջին տեղը, նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր: Հոլանդացիներն Արյեն Ռոբենի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով ուժեղ գտնվեցին Շվեդիայի հավաքականից, սակայն լքեցին պայքարը: Շվեդիային շրջանցելու համար հոլանդացիները պետք է հաղթեին 7 գոլի տարբերությամբ: Շվեդիայի եւ Հոլանդիայի հավաքականները վաստակեցին 19-ական միավոր, սակայն Շվեդիայի թիմը խմբում գրավեց երկրորդ տեղը խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ:

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը B խմբում 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ Շվեյցարիայի թիմի նկատմամբ եւ, շրջանցելով վերջինիս, գրավեց առաջին տեղն ու նվաճեց ուղեգիր: 2 թիմերն էլ վաստակեցին 27-ական միավոր, բայց պորտուգալացիներն առաջին տեղը գրավեցին խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ: Շվեյցարիայի հավաքականը ուղեգրի համար կպայքարի անցումային խաղերում:

H խմբի առաջին տեղն ու ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված Բելգիայի հավաքականը տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսի դարպասը, իսկ հույները սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթեցին Ջիբրալթարին եւ երկրորդ տեղով իրավունք ստացան մասնակցել անցումային խաղերի:

Երկրորդ տեղ գրաված թիմերից պայքարը լքեց Սլովակիայի հավաքականը, որը F խմբում հավաքել էր 18 միավոր: Ընտրական 9 խմբերում անցումային խաղերի ուղեգիր չէր նվաճում միայն երկրորդ տեղ գրաված վատագույն ցուցանիշով հավաքականը:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, 10-րդ տուր

A խումբ

Ֆրանսիա – Բելառուս՝ 2:1

Անտուան Գրիզման, 27, Օլիվյե Ժիրու, 33 – Անտոն Սարոկա, 44

Հոլանդիա – Շվեդիա՝ 2:0

Արյեն Ռոբեն, 16 (11մ), 40 

Լյուքսեմբուրգ – Բուլղարիա՝ 1:1

Օլիվեր Թիլ, 3 – Իվայլո Չոչեւ, 68

B խումբ

Պորտուգալիա – Շվեյցարիա՝ 2:0

Յոհան Ջուրու, 40 (ինքնագոլ), Անդրե Սիլվա, 57

Հունգարիա – Ֆարերյան կղզիներ՝ 1:0

Դանիել Բոդե, 81

Լատվիա – Անդորրա՝ 4:0

Դեւիս Իկաունիեկս, 12, Վալերիս Շաբալա, 19, 59, Իգոր Տարասով, 63

H խումբ

Բելգիա – Կիպրոս՝ 4:0

Էդեն Ազար, 12, 62 (11մ), Թորգան Ազար, 52, Ռոմելու Լուկակու, 78

Հունաստան – Ջիբրալթար՝ 4:0

Վասիլիս Թորոսիդիս, 32, Կոստաս Միտրօղլու, 61, 63, Ջիանիս Ջիանիոտաս, 78

Էստոնիա – Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 1:2

Իլյա Անտոնով, 75 – Իզետ Հայրովիչ, 48, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով