Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում ղազախների հետ արտագնա ոչ ոքիից հետո ամփոփել է ընտրական մրցաշարը:
«Ցավոք, մեզ չի հաջողվում նույն մակարդակով խաղալ 90 րոպե: Ինձ մեղավոր եմ զգում մեր ցուցադրած արդյունքների համար: Պետք է նույն մակարդակով խաղանք 90 րոպե, եւ կարեւոր չէ՝ մրցակիցը Ղազախստանն է, թե Լեհաստանը:
Այս ընտրական փուլը մեզ համար հեռու էր լավագույնը լինելուց: Մենք վատ էինք խաղում, եւ դա ունի իր պատճառները: Չենք կարող ամեն անգամ միայն Մխիթարյանին մեղադրել նրա համար, որ նա խաղն իր վրա չէր վերցնում: Պետք է ճիշտ հետեւություններ անել առաջ շարժվելու համար:
Ղազախստանի հավաքականի դեմ խաղում ունեցանք շանսեր, սակայն մրցակիցը մեզ չէր զիջում հաղթանակի հասնելու ցանկությամբ: Սա առաջին դեպքը չէ, երբ մենք հրաշալի ենք սկսում խաղը, սակայն հետո անկում է լինում եւ մենք կորցնում ենք առավելությունը: Մասնավորապես, դա կարելի է կապել մեր ֆուտբոլիստների անհատական վարպետության հետ: Միջազգային խաղերում արագություններն այլ են, եւ դրան հարմարվելը հեշտ չէ:
Ինչ վերաբերում է իմ՝ Ղազախսատնի առաջնություն վերադառնալուն, ապա՝ երբեք մի ասա երբեք: Ես հրաշալի հարաբերություններ ունեմ Ղազախստանի հավաքականի խաղացողների հետ եւ ուրախ էի ընկերներիս հանդիպելու համար: Այդ պատճառով ամեն բան հնարավոր է, սակայն հիմա դա անելը բարդ կլինի: Ժամանակն առաջ է շարժվում, իսկ ես մեծանում եմ»,- Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» թիմի 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է KazFootball.kz-ը:
Հիշեցնենք, որ Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում կայացած Ղազախստան – Հայաստան խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ առաջին խաղակեսում խփած գոլին ղազախները պատասխանել էին ընդմիջումից հետո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում