19:03  ,  7 հոկտեմբերի, 2017

Ղազախստանի հավաքականի հարձակվող. Հայերը խնդիրներ ունեն պաշտպանությունում

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի եւ «Կայրաթի» հարձակվող Բաուրիրժան Տուրիսբեկն անդրադարձել է Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղին:

«Խաղին տրամադրվելու մասին խոսելն անիմաստ է: Մենք խաղալու ենք տանը եւ կներդնենք վերջին ուժերը հաղթանակի հասնելու համար: Ռումինիայի հավաքականի դեմ խաղից հետո վերականգնվելու ժամանակ շատ չկար: Ղազախստանի առաջնությունում հիմա բարդ օրացույց է, եւ ես կարծում եմ, որ վաղվա խաղին բոլորը պատրաստ կլինեն:

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի պաշտպանությունում՝ հաշվի առնելով, որ նրանք 6 գոլ բաց թողեցին լեհերից: Կփորձենք բացեր փնտրել նրանց պաշտպանությունում եւ ուսումնասիրել մրցակցին:

Հայաստանի հավաքականը շատ միավորներ չի վաստակել այս ընտրական փուլում: Ֆուտբոլում չկան անպարտելի թիմեր: Վստահ եմ, որ ունենք 3 միավոր վաստակելու բոլոր հնարավորությունները»,- Տուրիսբեկի խոսքը մեջբերում է KazFootball.kz-ը:

Հիշեցնենք, որ Ղազախստան - Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին  Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով