18:47  ,  7 հոկտեմբերի, 2017

Ալեքսանդր Բորոդյուկ. Հայաստանի դեմ խաղալու ենք հարձակողական ֆուտբոլ

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը Ատանայում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպման մասին:

«Ցավոք, իրենց ակումբներում առաջատար մի քանի խաղացողներ այս խաղում մեր թիմին չեն կարող օգնել տարբեր պատճառներով: Ոմանք որակազրկված են, ոմանք էլ վնասվածք ունեն: Սակայն բոլոր մյուսները որակավորված խաղացողներ են եւ վաղը դաշտ դուրս կգան իրենց ազգային հավաքականի պատիվը բարձր պահելու համար:

Ոչ մի կասկած չկա, որ փորձելու ենք գրոհել վաղվա խաղում: Սակայն նաեւ չենք մոռանալու, որ ցանկացած խաղային սխեմա կարող է փոխվել խաղի ընթացքում: Գլխավորն այն է, որ ֆուտբոլիստներն իրենց դիրքերում հաղթեն մենապայքարներում եւ ճիշտ դիրք ընտրեն դաշտում: Մեր թիմը ստեղծում է շատ գոլային պահեր, սակայն իրացումը կաղում է: Այդ առումով աշխատանք ունենք կատարելու: Հանդես ենք գալու տանը ու փորձելու ենք խաղալ հարձակողական ֆուտբոլ եւ խփել գոլեր:

Արդեն ասել եմ, որ մեր ընտրական խմբում բոլոր թիմերն էլ բավականաչափ ուժեղ են, Հայաստանի հավաքականը եւս բացառություն չէ: Նրանց կազմում շատ են որակավորված ֆուտբոլիստները: Իհարկե, դիտել ենք Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ նախորդ խաղը: Մենք մանրկրկիտ ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի թիմային գործողությունները եւ կանենք ենթադրություններ:

Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ անհատական հսկողություն սահմանելու մասին կասեմ, որ ֆուտբոլը թիմային խաղ է: Կարեւոր է, որ Մխիթարյանի մոտ գտնվող մեր խաղացողները ճիշտ մտնեն պայքարի մեջ: Համաշխարհային ֆուտբոլում հիմա գրեթե ոչ ոք չի խաղում անհատական հսկողությամբ: Բոլոր մարզիչները կարող են անհատական հսկողություն սահմանել Մեսիի կամ Լեւանդովսկու նկատմամբ, սակայն դա նրանց չի խանգարում գոլեր խփել: Դա վարպետություն է, տաղանդ ու ֆուտբոլային մտածողություն: Պետք է նայել թիմային գործողություններին:

Ինչ վերաբերում է արհեստական խոտածածկով խաղադաշտին, ապա 2 թիմերի համար էլ պայմանները նույնն են: Աստանայում հրաշալի խոտածածկ է, այդ պատճառով չեմ մտածում, որ խաղադաշտի գործոնը կլինի որոշիչ»,- մարզիչի խոսքը մեջբերում է sports.kz-ը:

Հիշեցնենք, որ Ղազախստան - Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին  Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով