18:47 7 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը Ատանայում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպման մասին:
«Ցավոք, իրենց ակումբներում առաջատար մի քանի խաղացողներ այս խաղում մեր թիմին չեն կարող օգնել տարբեր պատճառներով: Ոմանք որակազրկված են, ոմանք էլ վնասվածք ունեն: Սակայն բոլոր մյուսները որակավորված խաղացողներ են եւ վաղը դաշտ դուրս կգան իրենց ազգային հավաքականի պատիվը բարձր պահելու համար:
Ոչ մի կասկած չկա, որ փորձելու ենք գրոհել վաղվա խաղում: Սակայն նաեւ չենք մոռանալու, որ ցանկացած խաղային սխեմա կարող է փոխվել խաղի ընթացքում: Գլխավորն այն է, որ ֆուտբոլիստներն իրենց դիրքերում հաղթեն մենապայքարներում եւ ճիշտ դիրք ընտրեն դաշտում: Մեր թիմը ստեղծում է շատ գոլային պահեր, սակայն իրացումը կաղում է: Այդ առումով աշխատանք ունենք կատարելու: Հանդես ենք գալու տանը ու փորձելու ենք խաղալ հարձակողական ֆուտբոլ եւ խփել գոլեր:
Արդեն ասել եմ, որ մեր ընտրական խմբում բոլոր թիմերն էլ բավականաչափ ուժեղ են, Հայաստանի հավաքականը եւս բացառություն չէ: Նրանց կազմում շատ են որակավորված ֆուտբոլիստները: Իհարկե, դիտել ենք Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ նախորդ խաղը: Մենք մանրկրկիտ ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի թիմային գործողությունները եւ կանենք ենթադրություններ:
Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ անհատական հսկողություն սահմանելու մասին կասեմ, որ ֆուտբոլը թիմային խաղ է: Կարեւոր է, որ Մխիթարյանի մոտ գտնվող մեր խաղացողները ճիշտ մտնեն պայքարի մեջ: Համաշխարհային ֆուտբոլում հիմա գրեթե ոչ ոք չի խաղում անհատական հսկողությամբ: Բոլոր մարզիչները կարող են անհատական հսկողություն սահմանել Մեսիի կամ Լեւանդովսկու նկատմամբ, սակայն դա նրանց չի խանգարում գոլեր խփել: Դա վարպետություն է, տաղանդ ու ֆուտբոլային մտածողություն: Պետք է նայել թիմային գործողություններին:
Ինչ վերաբերում է արհեստական խոտածածկով խաղադաշտին, ապա 2 թիմերի համար էլ պայմանները նույնն են: Աստանայում հրաշալի խոտածածկ է, այդ պատճառով չեմ մտածում, որ խաղադաշտի գործոնը կլինի որոշիչ»,- մարզիչի խոսքը մեջբերում է sports.kz-ը:
Հիշեցնենք, որ Ղազախստան - Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.