09:58  ,  6 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Բրազիլիան ու Արգենտինան չհաղթեցին, աշխարհի փոխչեմպիոնը կարող է մնալ առանց ուղեգրի

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում այս գիշեր անցկացվել են նախավերջին՝ 17-րդ տուրի խաղերը:

Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված բրազիլացիները մրցակցի դաշտում 0:0 հաշվով են ավարտել Բոլիվիայի դեմ արտագնա խաղը, իսկ աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները չկարողացան հաղթել երրորդ խաղում անընդմեջ՝ 0:0 հաշվով ավարտելով Պերուի դեմ տնային խաղը:

Հաշիվը չբացվեց նաեւ Վենեսուելա – Ուրուգվայ խաղում, իսկ Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Էկվադորին: Կոլումբացիներն էլ տանը 1:2 հաշվով պարտվեցին Պարագվայի հավաքականին, որը մինչեւ խաղի 89-րդ րոպեն հաշվի մեջ հետապնդողի դերում էր:

Վերջին տուրից առաջ Բրազիլիան միավորների քանակը հասցրեց 38-ի, իսկ երկրորդ տեղում գտնվող Ուրուգվայն ունի 28 միավոր: Չիլին ու Կոլումբիան 26-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը, իսկ Պերուն 25 միավորով 5-րդն է: Նույնքան միավոր ունեն նաեւ 6-րդ տեղում գտնվող արգենտինացիները:

Վերջին տուրում Էկվադորի նկատմամբ արտագնա հաղթանակ տանելու դեպքում Արգենտինայի հավաքականը նվազագույնը տեղը կապահովի լավագույն հնգյակում, քանի որ Կոլումբիան ու Պերուն մրցելու են իրար հետ:

Հիշեցնենք, որ հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարից ԱԱ-2018-ի ուղեգիր են նվաճում 1-4-րդ տեղ գրաված հավաքականները, իսկ 5-րդ տեղի թիմը մասնակցում է անցումային խաղերի:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 17-րդ տուր

Բրազիլիա – Բոլիվիա՝ 0:0

Արգենտինա – Պերու՝ 0:0

Վենեսուելա – Ուրուգվայ՝ 0:0

Չիլի – Էկվադոր` 2:1

Էդուարդո Վարգաս, 22, Ալեքսիս Սանչես, 86 – Ռենատու Իբարա, 84

Կոլումբիա – Պարագվայ՝ 1:2

Ռադամել Ֆալկաո, 79 – Օսկար Կարդոզո, 89, Անտոնիո Սանաբրիա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով