17:01  ,  4 հոկտեմբերի, 2017

Յակուբ Բլաշչիկովսկի. Հայաստանի հավաքականի դեմ լինելու է բարդ հանդիպում

Լեհաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի եւ իր նախկին ակումբակից Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխ Մխիթարյանի հետ խաղալը մեծ պատիվ էր: Նա իր աշխատասիրության ու որակների շնորհիվ արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուն:

Մեզ բարդ հանդիպում է սպասվում Հայաստանի հավաքականի դեմ: Առաջին խաղում եւս դժվար էր մեզ համար: Մրցակցը շատ արագ խաղացողներ ունի առջեւի գծում: Նրանք կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար, ինչը տեսանք առաջին խաղում»,- Բլաշչիկովսկու խոսքը փոխանցում է sport.pl-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյաը եւ Յակուբ Բլաշչիկովսկին միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»:

Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Լեհաստանի թիմը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» ստադիոնում: 

Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով