20:48  ,  4 սեպտեմբերի, 2017

ԱԱ-2018. Հայաստան - Դանիա. Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Դանիայի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 1:2 հաշվով:

Նախորդ երեք տնային խաղերում հաղթանակ տարած Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց խաղը եւ առաջին րոպեին կարող էր բացել հաշիվը: Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտի կենտրոնական հատվածից մեն-մենակ դուրս եկավ դարպասապհի դեմ, սակայն դանդաղեց եւ կորցրեց իրական գոլային պահը:

Հայաստանի հավաքականը շարունակում էր գրոհել, իսկ 6-րդ րոպեին բացեց հաշիվը: Արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը, որը հեռու տարածությունից շանս չտվեց մրցակցի դարպասապահին՝ 1:0: Արթուր Պետրոսյանն ընտրել էր  5 պաշտպաններով շատ ճկուն խաղային սխեման, որը գրոհելիս դառնում էր ընդգծված 4-2-3-1:

Բաց թողած գոլից հետո դանիացիները չընկճվեցին եւ աստիճանաբար ստացան տարածքային առավելություն: Հյուրերը գնդակը վերահսկում էին մրցակցի կիսադաշտում, իսկ 14-րդ րոպեին խաղարկեցին վտանգավոր անկյունային հարված, որի ժամանակ Գրիգոր Մելիքսեթյանը Հայաստանի թիմին փրկեց գոլից:

2 րոպե անց արդեն Գրիգոր Մելիքսեթյանն էլ չկարողացավ փրկել դաշտի տերերին եւ հաշիվը հավասարվեց: Դանիայի հավաքականի պատասխան գոլը գլխի հարվածով խփեց գերմանական «Վերդերի» կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին, որը մրցակցի դարպասի մոտ առանց հսկողության էր մնացել եզրից փոխանցում ստանալիս՝ 1:1:

Այդ գոլից հետո գրեթե ոչինչ չփոխվեց: Դանիացիները շարունակում էին վերահսկել գնդակը եւ երբեմն-երբեմն ստեղծում վտանգավոր պահեր, իսկ Հայաստանի հավաքականը խաղում էր ընդգծված երկրորդ համարով եւ հնարավորության դեպքում հակագրոհում: 

25-րդ րոպեին եղավ 30 վայրկյանանոց դադար եւ ֆուտբոլիստները ջուր խմելուց հետո շարունակեցին պայքարը:

Քիչ անց դանիացիներն առաջ անցան հաշվի մեջ: 29-րդ րոպեին տուգանային հարվածն անթերի իրացրեց Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը՝ 1:2:

37-րդ րոպեին վնասվածքի պատճառով դաշտը լքեց Լեւոն Հայրապետյանը, որի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գագիկ Դաղբաշյանը:

Խաղակեսի վերջնամասում հայկական թիմը կարողացավ խաղը հեռացնել սեփական կիսադաշտից, բայց դանիացիների դարպասապահին անհանգստացնել չհաջողվեց: Թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշվի ժամանակ:

ԱԱ-2018. Ընտրական մրցաշար, E խումբ, 8-րդ տուր

Հայաստան - Դանիա՝ 1:2  (առաջին խաղակես)

Ռուսլան Կորյան, 6 - Թոմաս Դիլեյնի, 16, Քրիստիան Էրիքսեն, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով