16:28  ,  17 ապրիլի, 2017

Նիկիտա Սիմոնյան. Մրցավազքը կավարտվի, երբ «Սպարտակը» դառնա անհասանելի, քանի որ շատ արագ կարելի է փոշիացնել առավելությունը

Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ԽՍՀՄ քառակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը գրեթե չի կասկածում, որ «Սպարտակն» այս տարի կնվաճի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը, սակայն սպարտակցիներին կոչ է արել մինչեւ վերջ կարգապահ լինել եւ չկորցնել զգոնությունը:

«Կարծում եմ՝ «Սպարտակի» խաղացողները հասկանում էին, որ այսքան տեւական դադարից հետո արդեն ժամանակն է դառնալ չեմպիոն, եւ չեմպիոնության խնդիրը լուծվում է «Զենիթի» հետ դիմակայությունում: Նրանք կարողացան հաղթել եւ մոտենալ նպատակի իրագործմանը: Բայց մրցավազքը կավարտվի, երբ «Սպարտակը» դառնա անհասանելի:

Վերցրեք «Չելսիի» օրինակը: Մեծ առավելությամբ էր գլխավորում մրցաշարային աղյուսակը, բայց մի երկու պարտություն եւ մրցակիցների տարածությունը զգալի կրճատվեց:

Այո, հիմա ԲԿՄԱ-ն «Սպարտակից» հետ է 10, «Զենիթը»՝ 11 միավոր, բայց շատ արագ կարելի է փոշիացնել առավելությունը: Պետք է խիստ հետեւել այն խաղային կարգապահությանը, որը դրել է թիմում Կարերան եւ նվիրված խաղալ բոլոր մնացած հանդիպումներում»,- 90-ամյա Նիկիտա Սիմոնյանը խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում «Սպարտակը» տանը «Զենիթին» հաղթել է 2:1 հաշվով եւ ունի 54 միավոր: Առաջնության ավարտին մնացել է 7 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում