21:12  ,  28 մարտի, 2017

Վլադիմիր Ֆոմիչեւ. Եթե չլիներ Մխիթարյանը, Հայաստան - Ղազախստան խաղը նման կլիներ գաճաճների շարքային հանդիպման

Ղազախստանի «Կիզիլժարի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆոմիչեւին զարմացրել է Հայաստանի հավաքականի հետընթացը: Մասնագետը դիտել է աշխարհի առաջնության Հայաստան - Ղազախստան հանդիպումը եւ դժգոհ մնացել խաղի որակից:

«Լավ տպավորություն չթողեց երկու թիմերի խաղն էլ: Վաղուց չէի տեսել Հայաստանի հավաքականին խաղադաշտում: Զարմացած եմ, թե ինչքան է թուլացել այդ թիմը: Եթե խաղադաշտում չլիներ միակ աստղը՝ Հենրիխ Մխիթարյանը, ապա խաղը նման կլիներ գաճաճների շարքային հանդիպման: Բացակայում էր խաղի կազմակերպվածությունը, երկու թիմերն էլ խաղում էին պրիմիտիվ եւ զգուշավոր: Բայց Ղազախստանի հավաքականը միշտ է այդպես, իսկ Հայաստանի թիմը հիասթափեցրեց:

 Երկու հավաքականների մոտ էլ բացակայում էր միտքը: Խաղում էին այնպես, ինչպես ստացվում էր: Ղազախստանի հավաքականը պետք է հաղթեր, բայց կար Մխիթարյանը: Նա միակն էր, ով փորձում էր ինչ-որ բան ստեղծել, սպառնում էր մրցակցի դարպասին, բայց աջակցություն չէր ստանում թիմակիցներից»,- Ֆոմիչեւի խոսքը մեջբերում է sportsffa.kz-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով: Աչքի են ընկել Մխիթարյանն ու Օզբիլիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով