12:10  +04,  18 դեկտեմբերի, 2016

Մարտին Բերբերյան. Դժվարանում եմ ասել, թե ով կարող է փոխարինել Արայիկ Բաղդադյանին

Եթե Հայաստանից առաջարկ ստանամ գլխավորել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, չեմ համաձայնի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց ազատ ոճի ըմբշամարտի 2004թ. Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը:

Արդեն նախկին մարզիկ Մարտին Բերբերյանը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում:  Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` Սիդնեյ-2000, Աթենք-2004 եւ Պեկին-2008, դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի արծաթե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 2004 թվականը հանդես է եկել 55 կգ քաշային կարգում, ապա՝ 60 կգ-ում:

Պարոն Բերբերյան, Հայաստանի հավաքականի կազմում բարձր արդյունքներ եք ունեցել, 3 օլիմպիական փորձ, Եվրոպայի, աշխարհի առաջնության մեդալներ: Ինչո՞ւ լքեցիք Հայաստանը, երբ մարզական կարիերայում ամեն ինչ այդքան հաջող էր:

Հայաստանից նեղացած չեմ հեռացել: Այդ ժամանակ դեռ մեծ սպորտում էի: Անձնական կյանքս օվկիանոսից այն կողմ դասավորելու, ընտանիք կազմելու նպատակով տեղափոխվեցի ԱՄՆ. ընկերուհիս այստեղ էր ապրում: Եկա ամուսնանալու: Մինչեւ 2012 թվականը մարզվում էի, մասնակցում մրցումների: Եղել եմ Կալիֆորնիայի չեմպիոն: Բայց հետո ծնկի վնասվածք ստացա եւ ավարտեցի մարզիկի կարիերաս:

Այժմ ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում:

Ըմբշամարտից չեմ հեռացել: Մարզչական գործունեությամբ եմ զբաղվում: Տարբեր ազգերի ներկայացուցիչների եմ մարզում: Աշխատում եմ նաեւ ԱՄՆ-ի հավաքականի հետ, որպես երկրորդ մարզիչ: Աշխարհահռչակ Ռոնդա Ռոուզիի հետ եմ նաեւ աշխատում:

Պարոն Բերբերյան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմերն այս տարի հաջողություններ քիչ ունեցան:  Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ լուծում եք տեսնում:

Մեր ժամանակից սերնդափոխություն եղավ, սակայն իմ կարծիքով ինչ-որ բան սխալ դասավորվեց: Այստեղ մարզիչների խնդիր չեմ տեսնում, ուղղակի այն ժամանակվա երիտասարդները չկարողացան մեծահասակների մեջ լավ արդյունքներ գրանցել, ու հենց այդտեղից խնդիրները գլուխ բարձրացրին: Ես հետեւեւմ եմ ազգային հավաքականի մրցելույթներին, արդյունքներին, մարզիչների աշխատանքին եւս: Մարզիչներն ամեն ինչ անում են, ինչ հասնում է նրանցից, ուղղակի երիտասարդները չկարողացան մեծերի մեջ իրենց դրսեւորել: Կարծում եմ՝ աշխատանքի խնդիր կա: Օլիմպիական մեդալի հասնելու համար դեռ աշխատելու տեղ կա:

Հետեւել եք Ռիո-2016-ում հայ ազատ ոճայիններին մրցելույթներին: Ի՞նչ գնահատական կտաք , ո՞ւմ կառանձնացնեք:

Ռիոյում ինձ համար օլիմպիական մեդալին շատ մոտ էր Լեւան Բերիանիձեն: Թե ինչը նրան խանգարեց, այդպես էլ չհասկացա: Ես մտածում էի, որ կկարողանա բրոնզե մեդալ նվաճել: Ինչ վերաբերում է Գեորգի Կետոեւին, նա շատ լավ ըմբիշ է, բայց մարզական կարիերայում տեւական դադարն իր գործն արեց:

Կառանձնացնեի Վոլոդյա Ֆրանգուլյանին: Նրան այս Օլիմպիական խաղերում էլ էի տեսնում, բայց նա 61 կգ քաշային կարգում է, որը ոչ օլիմպիական է: Լսել եմ, որ նա տեղափովելու է 65 կգ քաշային կարգ եւ կարծում եմ մինչեւ Տոկիո-2020-ն եւ կկարողանա դրսեւորել իրեն: Գրիգոր Գրիգորյանն էլ լավ ներուժ ունի, բայց ինչ-որ մի բան խանգարում է: Լավ արդյունքի հասնելու համար այս պահից արդեն պետք է ուշադրությունը կենտրոնացնել երիտասարդների վրա, որպեսզի մեծահասակների կազմում կարողանան արդյունքի հասնել:

Դավիթ Սաֆարյանը փայլեց 2013  թվականին, շատ լավ հանդես եկավ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, բայց հետո վնասվածք ունեցավ: Դավիթ Սաֆարյանը դեռ մեծ հաջողություններ կունենա:

Իսկ թե ինչն է պակասում մեր մարզիկներին, որպես մարզիչ կնշեի ներքին մրցակցությունը: Պետք է շատ լինեն մեր մարզիկները, որպեսզի միմյանց միջեւ մրցակցություն լինի: Իսկ դրա համար երիտասարդներին պետք է հնարավորությու տալ: Որքան շատ լինի ներքին մրցակցությունը, այնքան արդյունքները կավելանան:

Ազատոճայինների մոտ հոգեբանական անվստահության խնդիր էլ կա: Ես աշխատում եմ նաեւ ԱՄՆ-ի հավաքականի հետ: Ֆիզիկապես իրենք ուժեղ չեն մերոնցից, տեխնիկան ավելի թույլ է, քան հայ ըմբիշներինը, բայց նրանց հետ շատ ճիշտ ու համակարգված աշխատանք է տարվում, մարզչական մեծ թիմ է աշխատում նրանց հետ. ուժայինի մարզիչն ուրիշ է, տեխնիկայի, շնչառության մարզիչներն առանձին են, հոգեբան իր գործով է զբաղված. բժիշկն իր գործով, մերսողն առանձին:

Եթե Ձեզ առաջարկվի գլխավորել Հայաստանի հավաքականը, կհամաձայնե՞ք:

Ոչ: Չէի ցանկանա, չեմ կարող Հայաստանում հավաքական գլխավորել, երբ ընտանիքս բնակվում է ԱՄՆ-ում: Բացի այդ, ամեն մարդ չի կարող լինել հավաքականի գլխավոր մարզիչ: Արայիկ Բաղդադյանն իսկապես լավ մարզիչ է: Նրա փոխարեն այս պահին դժվարանում եմ ասել, թե ում կտեսնեի: Ուղղակի իմ տեղեկությունով ՀԱՕԿ նախագահը Ռիո-2016-ից առաջ հարց էր դրել՝ ով արդյունք ցույց չտա, կհեռանա գլխավոր մարզիչի պաշտոնից ու այդպես էլ անում է:

Ես այստեղ արդեն ունեմ իմ աշխատանքը, իմ մարզիկները: Չեմ համաձայնի լինել հավաքականի գլխավոր մարզիչ, բայց ով էլ նշանակվի, մեծ սիրով կօգնեմ մեր հավաքականին, եթե իմ կարիքը զգացվի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ