12:10 18 դեկտեմբերի, 2016Եթե Հայաստանից առաջարկ ստանամ գլխավորել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, չեմ համաձայնի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց ազատ ոճի ըմբշամարտի 2004թ. Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը:
Արդեն նախկին մարզիկ Մարտին Բերբերյանը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` Սիդնեյ-2000, Աթենք-2004 եւ Պեկին-2008, դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի արծաթե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 2004 թվականը հանդես է եկել 55 կգ քաշային կարգում, ապա՝ 60 կգ-ում:
Պարոն Բերբերյան, Հայաստանի հավաքականի կազմում բարձր արդյունքներ եք ունեցել, 3 օլիմպիական փորձ, Եվրոպայի, աշխարհի առաջնության մեդալներ: Ինչո՞ւ լքեցիք Հայաստանը, երբ մարզական կարիերայում ամեն ինչ այդքան հաջող էր:
Հայաստանից նեղացած չեմ հեռացել: Այդ ժամանակ դեռ մեծ սպորտում էի: Անձնական կյանքս օվկիանոսից այն կողմ դասավորելու, ընտանիք կազմելու նպատակով տեղափոխվեցի ԱՄՆ. ընկերուհիս այստեղ էր ապրում: Եկա ամուսնանալու: Մինչեւ 2012 թվականը մարզվում էի, մասնակցում մրցումների: Եղել եմ Կալիֆորնիայի չեմպիոն: Բայց հետո ծնկի վնասվածք ստացա եւ ավարտեցի մարզիկի կարիերաս:
Այժմ ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում:
Ըմբշամարտից չեմ հեռացել: Մարզչական գործունեությամբ եմ զբաղվում: Տարբեր ազգերի ներկայացուցիչների եմ մարզում: Աշխատում եմ նաեւ ԱՄՆ-ի հավաքականի հետ, որպես երկրորդ մարզիչ: Աշխարհահռչակ Ռոնդա Ռոուզիի հետ եմ նաեւ աշխատում:
Պարոն Բերբերյան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմերն այս տարի հաջողություններ քիչ ունեցան: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ լուծում եք տեսնում:
Մեր ժամանակից սերնդափոխություն եղավ, սակայն իմ կարծիքով ինչ-որ բան սխալ դասավորվեց: Այստեղ մարզիչների խնդիր չեմ տեսնում, ուղղակի այն ժամանակվա երիտասարդները չկարողացան մեծահասակների մեջ լավ արդյունքներ գրանցել, ու հենց այդտեղից խնդիրները գլուխ բարձրացրին: Ես հետեւեւմ եմ ազգային հավաքականի մրցելույթներին, արդյունքներին, մարզիչների աշխատանքին եւս: Մարզիչներն ամեն ինչ անում են, ինչ հասնում է նրանցից, ուղղակի երիտասարդները չկարողացան մեծերի մեջ իրենց դրսեւորել: Կարծում եմ՝ աշխատանքի խնդիր կա: Օլիմպիական մեդալի հասնելու համար դեռ աշխատելու տեղ կա:
Հետեւել եք Ռիո-2016-ում հայ ազատ ոճայիններին մրցելույթներին: Ի՞նչ գնահատական կտաք , ո՞ւմ կառանձնացնեք:
Ռիոյում ինձ համար օլիմպիական մեդալին շատ մոտ էր Լեւան Բերիանիձեն: Թե ինչը նրան խանգարեց, այդպես էլ չհասկացա: Ես մտածում էի, որ կկարողանա բրոնզե մեդալ նվաճել: Ինչ վերաբերում է Գեորգի Կետոեւին, նա շատ լավ ըմբիշ է, բայց մարզական կարիերայում տեւական դադարն իր գործն արեց:
Կառանձնացնեի Վոլոդյա Ֆրանգուլյանին: Նրան այս Օլիմպիական խաղերում էլ էի տեսնում, բայց նա 61 կգ քաշային կարգում է, որը ոչ օլիմպիական է: Լսել եմ, որ նա տեղափովելու է 65 կգ քաշային կարգ եւ կարծում եմ մինչեւ Տոկիո-2020-ն եւ կկարողանա դրսեւորել իրեն: Գրիգոր Գրիգորյանն էլ լավ ներուժ ունի, բայց ինչ-որ մի բան խանգարում է: Լավ արդյունքի հասնելու համար այս պահից արդեն պետք է ուշադրությունը կենտրոնացնել երիտասարդների վրա, որպեսզի մեծահասակների կազմում կարողանան արդյունքի հասնել:
Դավիթ Սաֆարյանը փայլեց 2013 թվականին, շատ լավ հանդես եկավ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, բայց հետո վնասվածք ունեցավ: Դավիթ Սաֆարյանը դեռ մեծ հաջողություններ կունենա:
Իսկ թե ինչն է պակասում մեր մարզիկներին, որպես մարզիչ կնշեի ներքին մրցակցությունը: Պետք է շատ լինեն մեր մարզիկները, որպեսզի միմյանց միջեւ մրցակցություն լինի: Իսկ դրա համար երիտասարդներին պետք է հնարավորությու տալ: Որքան շատ լինի ներքին մրցակցությունը, այնքան արդյունքները կավելանան:
Ազատոճայինների մոտ հոգեբանական անվստահության խնդիր էլ կա: Ես աշխատում եմ նաեւ ԱՄՆ-ի հավաքականի հետ: Ֆիզիկապես իրենք ուժեղ չեն մերոնցից, տեխնիկան ավելի թույլ է, քան հայ ըմբիշներինը, բայց նրանց հետ շատ ճիշտ ու համակարգված աշխատանք է տարվում, մարզչական մեծ թիմ է աշխատում նրանց հետ. ուժայինի մարզիչն ուրիշ է, տեխնիկայի, շնչառության մարզիչներն առանձին են, հոգեբան իր գործով է զբաղված. բժիշկն իր գործով, մերսողն առանձին:
Եթե Ձեզ առաջարկվի գլխավորել Հայաստանի հավաքականը, կհամաձայնե՞ք:
Ոչ: Չէի ցանկանա, չեմ կարող Հայաստանում հավաքական գլխավորել, երբ ընտանիքս բնակվում է ԱՄՆ-ում: Բացի այդ, ամեն մարդ չի կարող լինել հավաքականի գլխավոր մարզիչ: Արայիկ Բաղդադյանն իսկապես լավ մարզիչ է: Նրա փոխարեն այս պահին դժվարանում եմ ասել, թե ում կտեսնեի: Ուղղակի իմ տեղեկությունով ՀԱՕԿ նախագահը Ռիո-2016-ից առաջ հարց էր դրել՝ ով արդյունք ցույց չտա, կհեռանա գլխավոր մարզիչի պաշտոնից ու այդպես էլ անում է:
Ես այստեղ արդեն ունեմ իմ աշխատանքը, իմ մարզիկները: Չեմ համաձայնի լինել հավաքականի գլխավոր մարզիչ, բայց ով էլ նշանակվի, մեծ սիրով կօգնեմ մեր հավաքականին, եթե իմ կարիքը զգացվի:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.