14:42  ,  12 դեկտեմբերի, 2016

Հակոբ Սերոբյան. Ազարյանի անվան մարզադպրոցի հատակը կիսաքանդված է, գործիքները մաշված են

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն ամփոփեցին 2016 թվականը:

Հակոբ Սերոբյան.

«Տարին հաջողված էր: Լավագույն արդյունքներն ունեցանք այս տարի՝ աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի երեք փոխչեմպիոն, երեք օլիմպիական, առաջին անգամ կին մարմնամարզուհու մասնակցություն Օլիմպիական խաղերին: 

Մեզ միայն չբավարարեց Օլիմպիական խաղերի արդյունքները: Սպասելիքներ ունեինք Հարություն Մերդինյանից, բայց, ցավոք, հոգեբանորեն նա չկարողացավ կատարել իր առջեւ դրած խնդիրը: Արթուր Դավթյանից էլ ակնկալում էինք եզրափակիչ, բայց չհաջողվեց:

Տարին դեռեւս չի ավարտվել, ունենք եւս մեկ միջազգային մրցաշար՝ Վորոնինի Գավաթ, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:

2017 թվականը կսկսենք ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով, ապա՝ մարտին Հայաստանի մեծահասակների առաջնություն, որի արդյունքներով չորս մարզիկներ կմեկնեն Դոհա՝ հավաքի եւ աշխարհի գավաթի խաղարկությանը: Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, որին կմասնակցենք վեց մարզիկով: Այս Եվրոպայի առաջնությունը թիմային չի լինելու, միայն անհատական գործիքներով: Մայիսին Սլովենիայում ունենք աշխարհի գավաթի խաղարկություն, որից հետո երեք մարմնամարզիկով Սանկտ Պետերբուրգում կմասնակցենք միջազգային մրցաշարի: Օգոստոսին կմասնակցենք Ունիվերսիադային. կարծում եմ՝ երկու մարզիկով հանդես կգանք: Սեպտեմբերին Փարիզում ախարհի գավաթի խաղարկություն ունենք: Սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի կունենա աշխարհի առաջնությունը, որից առաջ նախատեսել ենք մեծ հավաք Թբիլիսիում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Սերոբյանը հայտնել էր, որ ֆեդերացիայի բյուջեն 21 միլիոն դրամից դարձել է 41 միլիոն: Հավաքականի գլխավոր մարզիչը դժգոհում է միայն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի անմխիթար վիճակից:

«Մարզագույքի խնդիր ունենք, որը փորձում ենք սեփական միջոցներով լուծել: Օրինակ՝ վերջերս Արթուր Դավթյանը Գերմանիայից իր հետ բերեց զուգափայտ գործիքի փայտերը: Դահլիճինը վնասված էր եւ դժվարությամբ էր լինում դրանց վրա մարզվել:  Կառավարության ավելացրած գումարով չենք կարող մարզագույք գնել, քանի որ այն նախատեսված է Հայաստանի առաջնություն անցկացնելու եւ մրցաշարերին մասնակցելու համար: Եթե նույնիսկ նոր մարզագույք ձեռք բերենք, հիմա չենք կարող տեղադրել, քանի որ մարզադահլիճի հատակը կիսաքանդված վիճակում է, փայտը մաշված է: Ցանկացած նոր գործիք շուտ շարքից դուրս կգա այդ հատակի վրա: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր մարզադպորցը վերջապես կվերանորոգվի:

Մեր մարզաձեւի նկատմամբ հանրության, կառավարության վերաբերմունքը փոխվել է, ուշադրությունը մեծացել է: Ժամանակին մեզ կարծես ոչ ոք չէր հավատում: Հարություն Մերդինյանը 2010 թվականին արդյունք ցույց տվեց, Արթուր Դավթյանը 2011-ին Եվրոպայի երիտասարդների չեմպիոն դարձավ, բայց այդ ժամանակ ուշադրությունն ու վերաբերմունքը մեր մարզաձեւի հանդեպ չփոխվեց: Իսկապես չէին հավատում մեզ: Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Կառավարության ու հանրության հետաքրքրության, մեզ հավատալու շնորհիվ հունվարից մեր բյուջեն 20 միլիոն դրամով կավելանա»,- նշեց գլխավոր մարզիչը:

Հարություն Մերդինյան.

«Ինձ համար հաջողված տարի էր 2016-ը, միայն չգոհացրեց օլիմպիական մրցելույթներս: Մարզիչներիս հետ որոշեցինք, որ ես պետք է շարունակեմ մարզական կարիերաս: Ցանկանում եմ այնպես ավարտել մարզական կարիերաս, որ հետագայում ոչնչի համար չափսոսամ: Ցանկանում եմ օլիմպիական մեդալով ավարտել մարմնամարզիկիս կարիերան: Առողջական խնդիր ունեմ, որն այժմ ինձ չի խանգարում: Երբ հասկանամ, որ իրականում չեմ կարողանա Հայաստանի հավաքականին օգտակար լինել եւ իմ մասնակցությամբ օլիմպիական մեդալ չեմ կարողանալու բերել Հայաստանին, անպայման կհայտարարեմ կարիերաս ավարտելու մասին»,- ասաց Հարություն Մերդինյանը:

Արթուր Դավթյան.

«Տարին շատ հաջողված էր ինձ համար: Ամեն ինչ հաջող ընթացավ եւ պլանավորածի՝ մարզումներ, մրցումներ, արդյունքներ, բացի Օլիմպիական խաղերից: Օլիմպիական խաղերում անհաջողություն ունեցա: Ոչինչ չխանգարեց ինձ, կարծում եմ այս Օլիմպիական խաղերը անհաջող փորձ էր»,- նշեց Արթուր Դավթյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով