22:49  ,  8 հոկտեմբերի, 2016

Վարուժան Սուքիասյան. Եթե չլիներ այս ծանր վիճակը, ես հրաժարական կտայի

Եթե ֆեդերացիան պահանջի, են անպայման հրաժարական կտամ: Բայց ես այնքան տղամարդկություն ունեմ, որ կմնամ եւ կփորձեմ թիմին հանել այս վիճակից:

Այս մասին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում ռումինացիներից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո հետխաղյա ասուլիսում հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

«Նախ, եթե չլիներ այս ծանր վիճակը, ես, հաստատ, հրաժարական կտայի: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ես նրա հետ ունեի հանդիպելու պայմանավորվածություն, բայց նա չեկավ: Ուրիշ հարցեր ունե՞ս: Հաշվե՞լ եք, թե քանի խաղացող չունեինք, բացի այդ էլ վնասվածք ստացավ Կադիմյանը:

Իհարկե, մրցակիցն ուժեղ էր, բայց մենք պատրաստ չէինք երրորդ րոպեին մնալ 10 խաղացողով: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա: Երբեք այս ծանր վիճակում չեմ թողնի թիմը: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անպայման հրաժարական կտամ: Բայց ես այնքան տղամարդկություն ունեմ, որ կմնամ եւ կփորձեմ թիմին հանել այս վիճակից:

Երեւի, այդ վատ մթնոլորտը, որ տիրում է ձեր մեջ, դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է: Գաել Անդոնյանը վնասվածք չի ստացել, պարզապես կոպիտ սխալից հետո ցանկացավ փոխարինվել, իսկ Գեղամ Կադիմյանի վնասվածքը լուրջ է:

Պետք է արդեն մտածենք, թե ինչ անել, որ Լեհաստանում այս անհաջողությունը չկրկնվի:

Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղալ 5 պաշտպանով, իսկ այս խաղում պետք է ավելի մեծ ուժերով գրոհեինք եւ օգտագործեցինք 4 պաշտպան, բայց սխալվեցինք: Կրկնում եմ, պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում:

Մեր հստակ քայլերն այն է, որ ֆուտբոլիստները շուտ ապաքինվեն վնասվածքից: Դուք սպասո՞ւմ էիք, որ այսքան վնասվածքներ կլինեն: Այս րոպեին մի հարցրեք, թե ինչ անելիքներ ունեմ: Այդ հարցը կտաք հետո: Մինչեւ Չեռոնգորիայի դեմ խաղը մեր բոլոր ֆուտբոլիստները կապաքինվեն:

Լեհաստանի դեմ խաղից պետք է սպասել, որ տղաներին հանենք այս վիճակից եւ մարտականորեն մեկնենք հանդիպմանը»,- ասաց Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Ռումինիայի հավաքականը հաղթեց 5:0 հաշվով: Ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի հեռացման պատճառով դաշտի տերերը երրորդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Վարշավայում ընտրական հանդիպում կանցկացնի լեհերի հետ:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով