22:49 8 հոկտեմբերի, 2016Եթե ֆեդերացիան պահանջի, են անպայման հրաժարական կտամ: Բայց ես այնքան տղամարդկություն ունեմ, որ կմնամ եւ կփորձեմ թիմին հանել այս վիճակից:
Այս մասին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում ռումինացիներից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո հետխաղյա ասուլիսում հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
«Նախ, եթե չլիներ այս ծանր վիճակը, ես, հաստատ, հրաժարական կտայի: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ես նրա հետ ունեի հանդիպելու պայմանավորվածություն, բայց նա չեկավ: Ուրիշ հարցեր ունե՞ս: Հաշվե՞լ եք, թե քանի խաղացող չունեինք, բացի այդ էլ վնասվածք ստացավ Կադիմյանը:
Իհարկե, մրցակիցն ուժեղ էր, բայց մենք պատրաստ չէինք երրորդ րոպեին մնալ 10 խաղացողով: Ես ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա: Երբեք այս ծանր վիճակում չեմ թողնի թիմը: Եթե ֆեդերացիան պահանջի, ես անպայման հրաժարական կտամ: Բայց ես այնքան տղամարդկություն ունեմ, որ կմնամ եւ կփորձեմ թիմին հանել այս վիճակից:
Երեւի, այդ վատ մթնոլորտը, որ տիրում է ձեր մեջ, դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է: Գաել Անդոնյանը վնասվածք չի ստացել, պարզապես կոպիտ սխալից հետո ցանկացավ փոխարինվել, իսկ Գեղամ Կադիմյանի վնասվածքը լուրջ է:
Պետք է արդեն մտածենք, թե ինչ անել, որ Լեհաստանում այս անհաջողությունը չկրկնվի:
Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղալ 5 պաշտպանով, իսկ այս խաղում պետք է ավելի մեծ ուժերով գրոհեինք եւ օգտագործեցինք 4 պաշտպան, բայց սխալվեցինք: Կրկնում եմ, պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում:
Մեր հստակ քայլերն այն է, որ ֆուտբոլիստները շուտ ապաքինվեն վնասվածքից: Դուք սպասո՞ւմ էիք, որ այսքան վնասվածքներ կլինեն: Այս րոպեին մի հարցրեք, թե ինչ անելիքներ ունեմ: Այդ հարցը կտաք հետո: Մինչեւ Չեռոնգորիայի դեմ խաղը մեր բոլոր ֆուտբոլիստները կապաքինվեն:
Լեհաստանի դեմ խաղից պետք է սպասել, որ տղաներին հանենք այս վիճակից եւ մարտականորեն մեկնենք հանդիպմանը»,- ասաց Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Ռումինիայի հավաքականը հաղթեց 5:0 հաշվով: Ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի հեռացման պատճառով դաշտի տերերը երրորդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Վարշավայում ընտրական հանդիպում կանցկացնի լեհերի հետ:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.