15:46  ,  6 սեպտեմբերի, 2016

Սամվել Գեւորգյան. Միհրան Հարությունյանի հարցով դիմել ենք Լոզանի մարզական վճռաբեկ դատարան (ֆոտո)

Դիմել ենք Լոզանի մարզական վճռաբեկ դատարան, որպեսզի վերադարձնենք Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը: Այժմ ընթանում է եզրափակիչ գոտեմարտի ուսումնասիրությունը: Սպասում ենք արդյունքներին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանում Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը, որը խոսեց Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում իր սանի նկատմամբ խայտառակ կողմնակալ մրցավարության մասին:

«Միհրան Հարությունն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի հավաքականի կազմում է: Մինչեւ Ռիո-2016-ը Միհրանն այս չորս տարիների ընթացքում արդեն պետք է ունենար երկու ոսկե մեդալ՝ Բաքվի Եվրոպական խաղերից եւ Լաս Վեգասի աշխարհի առաջնությունից: Երկու դեպքում էլ անարդար կերպով մեզանից խլեցին մեր ոսկե մեդալները: Այդ երկու խոշոր մրցաշարերից հետո հույս ունեինք, որ Օլիմպիական խաղերում չեն համարձակվի մեզանից վերցնել մեր հաղթանակը, մնում էր միայն լավ նախապատրաստվել: Միհրանը լիարժեք պատրաստ էր ոսկե մեդալ նվաճելուն: Բացի եգիպտացի ըմբիշից, Ռիոյում նրա բոլոր մրցակիցները աշխարհի ու Օլիմպիական խաղերի մեդալակիրներ էին: Առաջին երեք գոտեմարտերում Միհրանից չկարողացան միավորներ խլել: Վերջին գոտեմարտում շատ անբարո կերպով մեզանից խլեցին մեր հաղթանակն ու ոսկե մեդալը: Օլիմպիական խաղերում Միհրանն այնպիսի գոտեմարտեր անցկացրեց, որ նույնիսկ մեկ բացթողում չկար, որ մարզիչներիով ասեինք՝ այս կամ այն տեղում սխալվեցիր, եթե այսպես անեիր, հաղթանակը քոնն էր լինելու:

Հիմա ամեն ինչ անում ենք, բողոքարկել ենք: Դիմել ենք Լոզանի դատարան: Ուղարկել ենք բոլոր համապատասխան փաստաթղթերն ու տեսագրությունները: Այժմ ընթացքի մեջ է այս հարցը: Անելու ենք ամեն ինչ, որ վերադարձնենք մեր ոսկե մեդալը»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Արթուր Ալեքսանյանի հայր եւ անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը նորընծա օլիմպիական չեմպիոնի հաղթանակը սպասված է համարում: Նրա խոսքով՝ արդեն ժամանակն էր, որ Արթուր Ալեքսանյանը նվաճեր նաեւ Օլիմպիական խաղերի բարձունքը:

«Մեզ այսքան ջերմ դիմավորելու համար շնորհակալ եմ ժողովրդին, մեր հասարակությանը: Սա մեծ պարգեւ է ոչ միայն մարզիկի, այլեւ նրա ծնողի համար: Երկար տարիներ Արթուրի հետ ձգտել ենք այս արդյունքին: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Այդ ժամանակ նա դեռ երիտասարդ էր եւ չկարողացավ ոսկե մեդալին հասնել: Լոնդոնից հետո տիտանական աշխաատանք կատարեցինք՝ թե՛ Արթուրը, թե՛ մարզչական թիմը: Բոլորս գիտակցում էինք, որ Արթուրը պատրաստ է օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուն: Իր բոլոր՝ չորս գոտեմարտերը փայլուն անցկացնելուց հետո նա ոչ մի կասկած չթողեց եւ նվաճեց ոսկե մեդալը»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս