15:46 6 սեպտեմբերի, 2016Դիմել ենք Լոզանի մարզական վճռաբեկ դատարան, որպեսզի վերադարձնենք Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը: Այժմ ընթանում է եզրափակիչ գոտեմարտի ուսումնասիրությունը: Սպասում ենք արդյունքներին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանում Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը, որը խոսեց Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում իր սանի նկատմամբ խայտառակ կողմնակալ մրցավարության մասին:
«Միհրան Հարությունն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի հավաքականի կազմում է: Մինչեւ Ռիո-2016-ը Միհրանն այս չորս տարիների ընթացքում արդեն պետք է ունենար երկու ոսկե մեդալ՝ Բաքվի Եվրոպական խաղերից եւ Լաս Վեգասի աշխարհի առաջնությունից: Երկու դեպքում էլ անարդար կերպով մեզանից խլեցին մեր ոսկե մեդալները: Այդ երկու խոշոր մրցաշարերից հետո հույս ունեինք, որ Օլիմպիական խաղերում չեն համարձակվի մեզանից վերցնել մեր հաղթանակը, մնում էր միայն լավ նախապատրաստվել: Միհրանը լիարժեք պատրաստ էր ոսկե մեդալ նվաճելուն: Բացի եգիպտացի ըմբիշից, Ռիոյում նրա բոլոր մրցակիցները աշխարհի ու Օլիմպիական խաղերի մեդալակիրներ էին: Առաջին երեք գոտեմարտերում Միհրանից չկարողացան միավորներ խլել: Վերջին գոտեմարտում շատ անբարո կերպով մեզանից խլեցին մեր հաղթանակն ու ոսկե մեդալը: Օլիմպիական խաղերում Միհրանն այնպիսի գոտեմարտեր անցկացրեց, որ նույնիսկ մեկ բացթողում չկար, որ մարզիչներիով ասեինք՝ այս կամ այն տեղում սխալվեցիր, եթե այսպես անեիր, հաղթանակը քոնն էր լինելու:
Հիմա ամեն ինչ անում ենք, բողոքարկել ենք: Դիմել ենք Լոզանի դատարան: Ուղարկել ենք բոլոր համապատասխան փաստաթղթերն ու տեսագրությունները: Այժմ ընթացքի մեջ է այս հարցը: Անելու ենք ամեն ինչ, որ վերադարձնենք մեր ոսկե մեդալը»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
Արթուր Ալեքսանյանի հայր եւ անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը նորընծա օլիմպիական չեմպիոնի հաղթանակը սպասված է համարում: Նրա խոսքով՝ արդեն ժամանակն էր, որ Արթուր Ալեքսանյանը նվաճեր նաեւ Օլիմպիական խաղերի բարձունքը:
«Մեզ այսքան ջերմ դիմավորելու համար շնորհակալ եմ ժողովրդին, մեր հասարակությանը: Սա մեծ պարգեւ է ոչ միայն մարզիկի, այլեւ նրա ծնողի համար: Երկար տարիներ Արթուրի հետ ձգտել ենք այս արդյունքին: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Այդ ժամանակ նա դեռ երիտասարդ էր եւ չկարողացավ ոսկե մեդալին հասնել: Լոնդոնից հետո տիտանական աշխաատանք կատարեցինք՝ թե՛ Արթուրը, թե՛ մարզչական թիմը: Բոլորս գիտակցում էինք, որ Արթուրը պատրաստ է օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուն: Իր բոլոր՝ չորս գոտեմարտերը փայլուն անցկացնելուց հետո նա ոչ մի կասկած չթողեց եւ նվաճեց ոսկե մեդալը»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով: Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.