23:35  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Դավիթ Սաֆարյանի քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց ռուս Ռամոնովը, ըմբշամարտի մրցաշարն ավարտվեց

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարն ավարտվեց: Վերջին օրը մեդալների համար պայքարեցին ազատ ոճի 65 կգ եւ 97 կգ քաշային ըմբիշները:

65 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ ռուս Սոսլան Ռամոնովը, որը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Տորգուլ Ասկերովին: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանին հաղթած 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսը դարձավ բրոնզե մեդալակիր: Մարկեսը աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնն է:

97 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսը նվաճեց ամերիկացի Կայլ Սնայդերը, որը եզրափակիչում ուժեղ գտնվեց ադրբեջանցի Խեթագ Գոզյումովից: Ալբերտ Սարիտովը (Ռումինիա) եւ Մոգամեդ Իբրագիմովը (Ուզբեկստան) դարձան բրոնզե մեդալակիրներ: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 30-ամյա Գերոգի Կետոեւը, որը պայքարը սկսել 1/8 եզրափակիչից եւ, 1:8 հաշվով պարտվելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 27-ամյա վրացի Էլիզբար Օդիկաձեին, լքել էր պայքարը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եւս Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Ռիո-2016, ազատ ոճի ըմբշամարտ

Տղամարդիկ, 65 կգ

1. Սոսլան Ռամոնով (Ռուսաստան)
2. Տորգուլ Ասկերով (Ադրբեջան)
3. Ֆրանկ Մարկես Կամիձո (Իտալիա)
3. Իխոտերի Նավրուզով (Ուզբեկստան)

97 կգ

1. Կայլ Սնայդեր (ԱՄՆ)
2. Խեթագ Գոզյումով (Ադրբեջան)
3. Ալբերտ Սարիտով (Ռումինիա)
3. Մոգամեդ Իբրագիմով (Ուզբեկստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում