15:55  +04,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին

2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պարտությամբ մեկնարկեց  Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:

65 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 27-ամյա Սաֆարյանը 1:3 հաշվով պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին: Հայ ըմբիշը մեկ միավոր վաստակեց սկզբնամասում եւ մինչեւ ընդմիջում պահպանեց առավելությունը: Երկրորդ մրցափուլում Մարկեսը վաստակեց 3 միավոր եւ տարավ կամային հաղթանակ:

Եթե իտալացին հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Ֆրանկ Մարկեսը 1/4 եզրափակիչում կհանդիպի վրացի Զարուբի Յակոբիշվիլուն, որը հաղթեց Ամաս Դանիելին (Նիգերիա):

Օգոստոսի 21-ին պայքարի մեջ կմտնի նաեւ Հայաստանը ներկայացնող 30-ամյա Գեորգի Կետոեւը, որը 97 կգ քաշային կարգում կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: 

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: