19:22  ,  15 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանը եւ Էդուարդ Սողոմոնյանն ավարտեցին ելույթները

Մաքսիմ Մանուկյանը զրկվեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Որակավորման փուլում 28-ամյա ըմբիշը 0:3 հաշվով պարտվել էր հունգարացի Վիկտոր Լյորինցին: Եթե հունգարացին դուրս գար եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն 2 հաղթանակ տանելուց հետո Լյորինցը կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեին, իսկ Մաքսիմ Մանուկյանը լքեց պայքարը: Եզրափակիչում Դավիդ Չակվետաձեի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելանյուկը:

130 կգ քաշայինների որակավորման փուլում Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանին հաղթած վրացի Լակոբի Կախալան մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել է 1/4 եզրափակիչում, ինչից հետո հայ ըմբիշը զրկվել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պայքարի մեջ էր մտել օգոստոսի 14-ին եւ 75 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին, որն էլ պարտություն էր կրել հաջորդ փուլում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որոնք մեդալների համար կպայքարեն օգոստոսի 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս