17:08  ,  15 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանի անհաջող մեկնարկը

Մաքսիմ Մանուկյանն անհաջող մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշայինների պայքարում:

Որակավորման փուլում 28-ամյա ըմբիշը 0:3 հաշվով պարտվեց հունգարացի Վիկտոր Լյորինցին: Հունգարացին դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի հնդիկ Ռավինդեր Խանտրիի հետ: Եթե Լյորինցը հասնի եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտի ժամանակ Առաջին ալիքը ցուցադրում էր ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեի եւ ադրբեջանցի Սաման Տահմասեբիի գոտեմարտը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պայքարի մեջ էր մտել օգոստոսի 14-ին եւ 75 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին, որն էլ պարտություն էր կրել հաջորդ փուլում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որոնք մեդալների համար կպայքարեն օգոստոսի 16-ին:

Մաքսիմ Մանուկյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին Երեւանում:

Մանուկյանի մարզական կարիերան դադարներով է եղել: Սկսել է մարզվել 1998 թվականից, չորս տարի դադարից հետո վերադարձել է մեծ սպորտ ու վերսկսել մարզումները 2010 թվականից: Կազան-2013-ի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն է, 2014 թ. զինվորականների աշխարհի բրոնզե մեդալակիր: Անձնական մարզիչն է Ալեքսան Հովհաննիսյանը:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Մոնղոլիայում անցկացված վարկանիշային մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս