20:52  ,  5 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» առաջին հաղթանակը՝ խոշոր հաշվով

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում նորամուտը նշած Երեւանի «Ալաշկերտը» հաղթահարեց որակավորման առաջին փուլի արգելքը: Պատասխան խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային» եւ դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, որտեղ կհանդիպի Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Անդորրայում կայացած առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը:

Պատասխան խաղի սկզբնամասն անցում էր հավասար պայքարում: Առաջին գոլային պահը 8-րդ րոպեին ունեցավ Արտակ Դաշյանը, որի հարվածը չստացվեց: Քիչ անց Հայաստանի նորընծա չեմպիոնը բացեց հաշիվը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում: Գլխի հարվածով 12-րդ րոպեին աչքի ընկավ երեւանյան ակումբի ավագ Վահագն Մինասյանը: Գոլից հետո «Ալաշկերտը» վերցրեց գնդակը եւ վստահորեն վերահսկում էր այն: Խաղն անցում էր հյուրերի կիսադաշտում եւ շուտով «Ալաշկերտը» կարող էր խփել երկրորդ գոլը, սակայն թիմի նորեկ, սերբ պաշտպան Ալեքսանդր Տասիչը վրիպեց դարպասի առջեւից: «Սանտա Կոլոմայի» ֆուտբոլիստները հաճախ էին փորձում սադրել մրցակցին ու մրցավարին, եւ դա արդյունավետ ստացվեց խաղակեսի միջնամասում: 24-րդ րոպեին թիմերի միջեւ տեղի ունեցավ քաշքշուկ, ինչի պատճառով կարմիր քարտ ստացավ «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը, որը միտումնավոր կանգնեց ընկած մրցակցի ոտքին: Կարմիր քարտը կարծես չանդրադարձավ խաղի վրա, եւ «Ալաշկերտը» պահպանում էր տարածքային առավելությունը, թեեւ հյուրերը սկսել էին ավելի հաճախ գրոհել, բայց դրանք վտանգավոր չէին ստացվում: Խաղակեսի վերջնամասում խաղը հավասարվել էր, իսկ տեմպը շատ ցածր էր: Ընդմիջումից առաջ հիշվեց Կարեն Մուրադյանի անցումն ու վտանգավոր հարվածն աջ եզրում, ինչին հյուրերը պատասխանեցին Գեւորգ Կասպարովի դարպասի ուղղությամբ ոչ բարդ հարվածով: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ալաշկերտը» կորցրեց 2 իրական գոլային պահ: Նախ ուկրաինացի կիսապաշտպան Անտոն Սավինն, աջ եզրով ներխուժելով տուգանային հրապարակ, չկարողացավ գրավել դարպասը, իսկ վայրկյաններ անց նույն դիրքից վրիպեց նաեւ Կարեն Մուրադյանը:

58-րդ րոպեին ամենավտանգավոր պահը եղավ դաշտի տերերի դարպասի մոտ: «Սանտա Կոլոմայի» խաղացողն անկյունային հարվածով կարող էր գրավել դարպասը, բայց գնդակը հետ մղվեց դարպասաձողից: 60-րդ րոպեին թիմերի կազմերը հավասարվեցին եւ խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Ֆերնանդո Գոնսալեսը՝ կոպիտ խախտման համար ստանալով երկրորդ դեղին քարտը: 63-րդ րոպեին «Ալաշկերտը» կորցրեց եւս մեկ 100 տոկոսանոց պահ: Անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Վահագն Մինասյանն ու Ալեքսանդր Տասիչը կարծես խանգարեցին իրար եւ չկարողացան գրավել դատարկ դարպասը: Վերջնամասում խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով: Հյուրերին հաջողվեց մի քանի լարված պահ ստեղծել դաշտի տերերի դարպասի մոտ, բայց «Ալաշկերտն» ավելի մոտ էր գոլին: «Սանտա Կոլոման» արդեն մեծ ուժերով էր նետվում առաջ եւ ազատ գոտիներ ստեղծում պաշտպանությունում, ինչից Խաշմանյանի թիմն օգտվեց 84-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած Նորայր Գյոզալյանը միայնակ ճեղքեց մրցակցի պաշտպանությունը եւ կրկնապատկեց հաշիվը: «Ալաշկերտի» երրորդ գոլն էլ խփեց Արթուր Եդիգարյանը, որն աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց վայրկյաններ անց: Վերջին րոպեներին հյուրերը ստացան նաեւ երկրորդ կարմիր քարտը, իսկ «Ալաշկերտը» մինչեւ վերջ անառիկ պահեց սեփական դարպասը եւ ակումբի պատմության առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում: Եզրափակիչ սուլիչից հետո թիմերի միջեւ դարձյալ տեղի ունեցավ թեթեւ բախում, եւ մրցավարը եւս մեկ կարմիր քարտ ցույց տվեց հյուրերին:

Նշենք, որ «Սանտա Կոլոմայի» մեկնարկային կազմում ամբողջ խաղին մասնակցեց Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Խուան Կապդեւիլան, որը հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում:

«Ալաշկերտի» ու Թբիլիսիի «Դինամոյի» միջեւ որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը կկայանա հուլիսի 12-ին Թբիլիսիում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Երեւանում:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Սանտա Կոլոմա» (Անդորրա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 0:0)

Վահագն Մինասյան, 12, Նորայր Գյոզալյան, 84, Արթուր Եդիգարյան, 88

Հեռացումներ՝ Միհրան Մանասյան, 26 («Ալաշկերտ») – Ֆերնանդո Գոնսալես, 60, Կրիստիան Մարտինես, 90 (երկուսն էլ՝ «Սանտա Կոլոմա»)

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Արտակ Եդիգարյան, Վահագն Մինասյան, Ալեքսանդր Տասիչ, Գեւորգ Պողոսյան, Կարեն Մուրադյան, Խորեն Վերանյան (Ռաֆայել Ղազարյան, 78), Արտակ Գրիգորյան, Անտոն Սավին (Արթուր Եդիգարյան, 87), Արտակ Դաշյան (Նորայր Գյոզալյան, 71), Միհրան Մանասյան:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով