17:51  ,  29 հունիսի, 2016

Արթուր Աբրահամ. Մարզիչս չի ցանկանում, որ նույնիսկ մեկ օր բացակայեմ մարզումներից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգի դեմ մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 16-ին Բեռլինում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Աբրահամը մեկնաբանել է իր մարզավիճակի մասին շրջանառվող լուրերը։ Նորվեգացի բռնցքամարտիկի թիմը լուրեր էր տարածել, թե Արթուր Աբրահամն այդքան էլ լավ մարզավիճակում չէ, այդ պատճառով չի մեկնել Օսլոյում մարզվելու:

«Մարզիչս` Ուլի Վեգները, չի ցանկանում, որ ես նույնիսկ մեկ օր բացակայեմ մարզումներից: Մենք մի քանի օր պետք է կորցնենինք Օսլո գնալու համար, ահա թե ինչու մարզիչս գերադասեց, որ մենք չմեկնենք Օսլո, ես չդադարեցնեմ մարզումներս: Այս ամենի նպատակն այն է, որ ես անընդհատ մարզվեմ, բաց չթողնեմ ոչ մի մարզում եւ մենամարտի օրը լավ մարզավիճակում լինեմ: Այժմ ես մարզվում եմ Քիենբաում մարզաառողջարանային քաղաքում»,- ասաց բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120) պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին։ Հուլիսի 16-ին կայանալիք մենամարտը կլինի հայ բռնցքամարտիկի 50-րդ հանդիպումը պրոֆեսիոնալ ռինգում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով