17:07  ,  27 հոկտեմբերի, 2026

Մբապեն ներողություն է խնդրել չինացիներից

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել չինացիներից Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի մասին իր խոսքերի համար։

«Վերջին հարցազրույցներիցս մեկի ժամանակ ես արձագանքել էի իմ պատկերով մեմին։ Իմ մեկնաբանությունը տեղին չէր եւ հիմա գիտակցում եմ, որ այն խոցել է շատ մարդկանց Չինաստանում եւ ամբողջ աշխարհում չինական համայնքների ներկայացուցիչներին։

Ներողություն եմ խնդրում, ամենեւին չէի ցանկանում նման բան։ Ես խորապես հարգում եմ չինացի ժողովրդին, պատմությունը եւ անկեղծորեն ներողություն եմ խնդրում»,– գրել է Մբապեն ֆրանսերեն, չինարեն եւ անգլերեն X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ 27-ամյա ֆուտբոլիստը հարցազրույցի ժամանակ խոսել էր իրեն որպես բռնապետ պատկերող մեմերի մասին՝ ամենազվարճալի անվանելով այն մեմը, որտեղ իր դեմքը համադրված է «չինացի բռնապետի» պատկերի հետ: Հավանաբար, նա նկատի է ունեցել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունին:

Դրանից  հետո մի քանի չինական ընկերություններ, մասնավորապես ըմպելիքներ արտադրող Dongpeng, կաթնային արտադրանքի Mengniu, պանրագործական Milkground ընկերությունները, դադարեցրել են համագործակցությունը Մբապեի հետ։ Նրա մասնակցությամբ բոլոր գովազդային տեսահոլովակները հեռացվել են եթերից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news