17:37  ,  3 հունիսի, 2016

Վահագն Դավթյան. Մենք բոլորս անչափ ուրախ ենք ու գոհ մեր մրցելույթներից

Ափսոսում եմ, որ ինձ չհաջողվեց Ռիո-2016-ի ուղեգիր նվաճել, ասել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, որի նվաճած արծաթե մեդալը ամենամեծ անակնկալն էր մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մազիչ Հակոբ Սերոբյանի համար:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Սերոբյանն ասել էր, որ սա Վահագն Դավթյանի մարզական կարիերայի ամենաբարձր արդյունքն է: Իր նվաճումով շատ է ուրախացել նաեւ Վահագն Դավթյանը:

«Շատ ուրախ եմ, հպարտ եմ, մենք բոլորս անչափ ուրախ ենք ու գոհ մեր մրցելույթներից, որ հայրենիք ենք վերադարձանք մեդալների մեծ ավարով: Արդարացվեցին մեր երկարատեւ մարզումները: Ես ինքս լավ մարզավիճակում էի: Արեցի հնարավորինս: Ավելին իսկապես չէի կարող: Ուժեղագույներն էին մրցակիցներս: Կցանկանայի այս նույն մարզավիճակում եւ այս նույն պատրաստվածությունն ունենալ նաեւ Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվում էին օլիմպիական ուղեգրեր:

Ցավոք, մեր մարզաձեւում միայն աշխարհի առաջնությունն է օլիմպիական ուղեգիր տալիս: Եվ ես ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունում ինձ չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել: Ափսոսում եմ, բայց գուցե դեռ ժամանակը չէր, գուցե ես դեռ պատրաստ չէի Օլիմպիական խաղերի: Ամեն ինչ առջեւում է»,- ասել է Վահագն Դավթյանը:

Հիշեցնենք, որ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ առաջ թողնելով հույն Էլեֆտերիոս Պետրունիասին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով