17:37 3 հունիսի, 2016Ափսոսում եմ, որ ինձ չհաջողվեց Ռիո-2016-ի ուղեգիր նվաճել, ասել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, որի նվաճած արծաթե մեդալը ամենամեծ անակնկալն էր մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մազիչ Հակոբ Սերոբյանի համար:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Սերոբյանն ասել էր, որ սա Վահագն Դավթյանի մարզական կարիերայի ամենաբարձր արդյունքն է: Իր նվաճումով շատ է ուրախացել նաեւ Վահագն Դավթյանը:
«Շատ ուրախ եմ, հպարտ եմ, մենք բոլորս անչափ ուրախ ենք ու գոհ մեր մրցելույթներից, որ հայրենիք ենք վերադարձանք մեդալների մեծ ավարով: Արդարացվեցին մեր երկարատեւ մարզումները: Ես ինքս լավ մարզավիճակում էի: Արեցի հնարավորինս: Ավելին իսկապես չէի կարող: Ուժեղագույներն էին մրցակիցներս: Կցանկանայի այս նույն մարզավիճակում եւ այս նույն պատրաստվածությունն ունենալ նաեւ Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվում էին օլիմպիական ուղեգրեր:
Ցավոք, մեր մարզաձեւում միայն աշխարհի առաջնությունն է օլիմպիական ուղեգիր տալիս: Եվ ես ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունում ինձ չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել: Ափսոսում եմ, բայց գուցե դեռ ժամանակը չէր, գուցե ես դեռ պատրաստ չէի Օլիմպիական խաղերի: Ամեն ինչ առջեւում է»,- ասել է Վահագն Դավթյանը:
Հիշեցնենք, որ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ առաջ թողնելով հույն Էլեֆտերիոս Պետրունիասին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.