19:20  +04,  30 մայիսի, 2016

Հակոբ Սերոբյան. Իսկապես, պատմական իրադարձություն է

Շատ ուրախ, երջանիկ ու զարմացած վերադառնում ենք Հայաստան, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բեռնից ասել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկների մրցելույթները։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկները նվաճել է 4 մեդալ՝ Հարություն Մերդինյան նժույգի վարժությունում ոսկե մեդալակիր, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը Եվրոպայի արծաթե մեդալակիրներ։

Պարոն Սերոբյան, 4 մեդալ Եվրոպայի առաջնությունից. Ձեր գլխավորած հավաքականը հայրենիք է վերադառնում անկախ Հայաստանի պատմության Եվրոպայի առաջին չեմպիոնական տիտղոսով այս մարզաձեւում։

Այո, սա իսկապես պատմական իրադարձությունն է, անկախ Հայաստանի մեր առաջին չեմպիոնն ունեցանք։ Բոլորս անկեղծ շատ զարմացած ենք, երջանիկ. չսպասված չեմպիոնություն։ Եվրոպայի բրոնզե մեդալակիր ունեցել էինք, փոխչեմպիոն անցյալ տարի ունեցանք. չեմպիոն չունեինք։ Այն, որ այսպիսի արդյունքներն էինք ունենալու, չէինք սպասում։ Բայց ակնկալում էի, որ բոլորն էլ հայտնվելու են եզրափակիչում։ Եվրոպայի առաջնությունից սպասում էինք 2 մեդալ, բայց ոչ՝ 4։ Իսկ եթե ավելի անկեղծ՝ 2 մեդալի ակնկալիք ունեինք, բայց ոչ ոսկե մեդալի։ Մենք մեր ուժերը գիտենք, մեր հնարավորությունները եւս։ Բայց մեր սպասելիքներից ավելի լավ ստացվեց, ինչի համար երջանիկ եմ։ Շատ ու շատ գոհ եմ տղաներից, թող միշտ այսպես լինի՝ քիչ սպասենք, շատ լինի։ Մյուս երկրների ներկայացուցիչները բոլորը զարմացած են։ Մեդալների հաշվարկով զիջում ենք Ռուսաստանին եւ Անգլիային։ Դեռ պաշտոնական արդյունքը չկա, բայց ըստ իս՝ երրորդն ենք։

Հարություն Մերդինյանը Եվրոպայի չեմպիոն։ Ի՞նչ է պակասում օլիմպիականին՝ Օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարում։

Հարություն Մերդինյանը գնում էր առաջին անգամ բարդ վարժությունը կատարելու, որով նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերի։ Նրանից շատ գոհ եմ։ Իհարկե, նա չարեց այն, ինչը պետք է անի Օլիմպիական խաղերում լավ արդյունքի համար։ Բայց նրանից գոհ եմ շատ, որովհետեւ գնում էր իր բարդ վարժությունը առաջին անգամ կատարելու հոգեբանական լարվածությամբ, որովհետեւ իրենից առաջ մրցելույթի դուրս եկած աշխարհի երեք լավագույն մարմնամարզիկները, նժույգի վարպետները վայր ընկան։ Դա արդեն հոգեբանորեն ճնշում է մարզիկին, բայց այդ ճնշումն ու լարվածությունը Հարությունը կարողացավ հաղթահարել։ Թերություններ եղան վարժությունում, 2 անգամ Հարությունը գրեթե ընկնում էր նժույգի վրայից։ Անգլիացու պես փորձառու մարմնամարզիկը ընկավ, բայց Հարությունը կարողացավ իրեն պահել եւ մինչեւ վերջ արեց իր բարդ վարժությունը։

Նոր վարժության վրա շատ շտկումներ ունե՞ք անելու։

Անպայման պետք է լիարժեք մաքրենք, մինչեւ Օլիմպիական խաղերը դեռ շատ պետք է աշխատենք։ Բայց այս իրավիճակից Հարություն Մերդինյանը կարողացավ դուրս գալ, արագ կողմնորոշվել եւ դառնալ չեմպիոն։ Դեռ շատ ժամանակ ունենք, ամեն ինչ կանենք, որ լիարժեք մաքուր կատարի իր բարդացված վարժությունը։

Արթուր Դավթյանը եւս փորձարկե՞ց իր օլիմպիական ծրագիրը։

Այո, Արթուրի համար էլ սա կարեւոր մրցելույթ էր, փորձարկում էին իր բարդացված ցատկը։ Արթուրը շատ լավ ցատկեց, շատ լավ կատարեց. Ես շատ գոհ եմ նրա ցատկից։ Մանր թերություններ կան , որոնք մենք կշտկենք։ Եթե աշխարհի առաջնությունում այսպես կատարեր իր վարժությունը, երրորդ տեղի արդյունք ցույց կտար։ Եթե օբյեկտիվ լինենք, Արթուր Դավթյանն իրականում հավասարազոր էր չեմպիոնին եւ ինձ համար հաղթեց Արթուրը։

Արթուր Դավթյանը 99 տոկոս պատրաստ է Օլիմպիական խաղերին։ Մենք գնում ենք Օլիմպիական խաղեր՝ ամենալավ կատարումով. միայն ամենալավ ու մաքուր կատարումով մենք կարող ենք Օլիմպիական խաղերում բարձր արդյունք ունենալ։

Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն։

Վահագն Դավթյանը հանդես եկավ իր ամենալավ ձեւով, իր հնարավորությունների առավելագույնով։ Սա Վահագն Դավթյանի մարզական կարիերայի ամենաբարձր արդյունքն է, ամենալավ մրցելույթը։ Նա ոսկե մեդալ չէր կարող նվաճել, չեմպիոն դարձավ գործող աշխարհի չեմպիոնը. սրանով ամեն ինչ պարզ է։ Ավելին չէր կարող Վահագնը։ Ես շատ գոհ եմ նրա մրցելույթից։ Արեց այն, ինչ իսկապես կարողանում է եւ ամենամաքուր ձեւով։ Վահագն Դավթյանը նույնիսկ երրորդ տեղի համար շատ կուրախանար։ Վահագն Դավթյանի երկրորդ տեղով ավելի ուրախացանք, զարմացանք, ուրախությունը կրկնապատկվեց։

Իսկ ի՞նչ կասեք Արթուր Ավետիսյանի եւ Արթուր Թովմասյանի մասին։

Արթուր Ավետիսյանից չէինք սպասում, որ մեդալ կնվաճի։ Արթուր Ավետիսյանը Եվրոպայի առաջնությունում եկել էր թիմին օգտակար լինելու համար։ Նա չուներ նախասիրած գործիք, նրանից եւս շատ գոհ եմ, մեզ հաճելի անակնկալ մատուցեց։

Արթուր Թովմասյանը 8-րդ տեղի հետ հավասար էր գնում, բայց վարժության մաքրության հարց կար, այդ պատճառով 9-րդ տեղում հայտնվեց։ Թերություն ուներ. ինքն էր մեղավոր։

Օլիմպիական մեդալների հույսերն ավելացա՞ն։

Հույսերը էլ ավելի մեծացան, որ Օլիմպիական խաղերում մեդալներ կնվաճենք, մենք աշխատելու ենք, դեռ շատ անելիքներ ունենք, բայց մեծ-մեծ չենք խոսի։

Հուլիսի 2-ին 10-օրյա հավաք կանցկացնենք Թբիլիսիում, այնտեղ կփորձարկենք նոր գործիքների վրա մեր վարժությունները, իսկ հիմնական նախաօլիմպիական հավաքը լինելու է Բրազիլիայում՝ հուլիսի 19-ից։ 12 օր կմնանք Ռիոյից մի քանի կիլոմետր հեռու քաղաքում, օգոստոսի 1-ից կլինենք Ռիոյում եւ կպատրաստվենք օլիմպիական մեկնարկներին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ