23:10  ,  5 մարտի, 2012

Հայաստանի մոռացված մարզաձեւեր

NEWS.am Sport-ը սկսում է «Հայաստանի մոռացված մարզաձեւեր» շարքը: Կներկայացվեն խորհրդային տարիներին լուրջ զարգացում ու նվաճումներ ունեցած մարզաձեւերի այսօրվա վիճակը: Անկախությունից հետո Հայաստանում հռչակվեց հենակետային մարզաձեւերի քաղաքականություն: Ամբողջական ուշադրության կենտրոնում մնացին այն մարզաձեւերը, որոնց ներկայացուցիչները Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների իրական հավակնորդներ են:

Բացի այդ, ֆուտբոլից եւ մասամբ բասկետբոլից ու հանդբոլից բացի մյուս թիմային խաղային մարզաձեւերում ներդրումներ գրեթե չեն կատարվում եւ գրանցվում է հետընթաց:

Այդպիսի մարզաձեւերի շարքում է նաեւ մականախաղը, որն ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում:

1969 թվականին  Խորհրդային Միության մականախաղի ֆեդերացիան անդամագրվեց միջազգային ֆեդերացիային եւ կարճ ժամանակում Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ հենակետային կենտրոններից մեկը: 80-90- ականներին Խորհրդային Միության առաջնություններում մշտապես հաջող էր հանդես գալիս Հրազդան քաղաքի համանուն թիմը իսկ նրա ընդգծված առաջատարներից մեկն էր ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Սոս Հայրապետյանը: Հրազդանցի մականորդի մարզական տաղանդը  փայլեց Ալմա Աթայում խաղացած տարիներին: Խորհրդային Միության 11-ակի չեմպիոն եւ քառակի գավաթակիր, Խորհրդային Միության ժողովուրդների սպարտակիադաների եռակի հաղթող, Մոսկվայի Օլիմպիական խաղերի  բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Սոս  Հայրապետյանը մասնակցել է նաեւ Սեուլի եւ Բարսելոնի Օլիմպիական խաղերին: Մեդալների նրա հավաքածուում կան նաեւ եվրոպական երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության երկու բարձրագույն պարգեւ: Նա բազմիցս արժանացել է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների լավագույն պաշտպանի համար սահմանած հատուկ մրցանակներին:

80-ականներին երկրում հայտնի էին նաեւ տղաների եւ աղջիկների Երեւանի թիմերը: Աղջիկների ԽՍՀՄ առաջնությունների արծաթե մեդալակիր թիմի մի շարք շնորհալի խաղացողներ ԽՍՀՄ հավաքականի կազմում հաջողությամբ էին հանդես գալիս նաեւ միջազգային պաշտոնական մրցումներում:

Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանում փլուզվեց եւ այս մարզաձեւը, իսկ նրա լավագույն ներկայացուցիչները տեղափոխվեցին այլ երկրներ: Ահա այսպես, մեկ-երկու տասնամյակի ընթացքում օլիմպիական մարզաձեւը հայտնվեց խաղից դուրս վիճակում:

«Տխուր է, որ ընդամենը երկու տասնամյակի ընթացքում մեծ համարում ունեցող մարզաձեւը պետության կողմից անտեսվեց, իսկ մեր լավագույն խաղացողները տեղափոխվեցին այլ երկրներ: Կազանի համանուն թիմի ավագ մարզիչն է Սամվել Գեւորգյանը: Նրա սաները նվաճել են Ռուսաստանի սուպեր լիգայի վերջին երկու տարիների հաղթողի կոչումը, այնպես որ եվրոպական մակարդակի մասնագետ է: Ռուսաստանի 15-ակի չեմպիոնն այսօր կրում է ֆիզկուլտուրայի եւ սպորտի  վաստկավոր  գործչի բարձրագույն կոչումը եւ բազմիցս արժանացել Ռուսաստանի նախագահի շնորհակալագրերին:

Փորձառու մարզիչն այժմ որոշել է վերադառնալ տուն եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի նա մնա Հայաստանում: Անգամ դիմել ենք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին , որպեսզի ի տարբերություն մնացած մարզիչների ապահովի աշխատավարձով:

Բոլորովին վերջերս Երեւան էր եկել կանանց Բելառուսի հավաքականի ավագ մարզիչՍամվել Կագրամանյանը, ում ղեկավարությամբ Բելառուսի հավաքականը վերջին երկու տարում նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Հիմա Սամվել Կագրամանյանի ղեկավարությամբ  150 աղջիկ է մարզվում: Նույնիսկ Լուկաշենկոն նրա համար ստադիոն է կառուցել, իսկ աղջիկները ստանում են աշխատավարձ: Կագրամանյանի ուշադրության կենտրոնում էին նաեւ մեր սաներից Լաուրա եւ Սոֆյա Օհանյանները, նաեւ Սոֆյա Հարությունյանը, սակայն ծնողները  չհամաձայնեցին նրանց տեղափոխությանը»,- ասում է Շենգավիթի համայնքի հանրահայտ մարզադպրոցի  մականախաղի «Այրուձի» ակումբի տղաների եւ աղջիկների թիմերի մարզիչ Նիկոլայ Ջուլհակյանը:

Խորհրդային տարիներին դպրոցը աղջիկների ութ թիմ է ունեցել: Այսօր, նույնիսկ, մեկ թիմ հնարավոր չէ ամբողջովին համալրել:

Նիկոլայ Ջուլհակյանը պատմում է, որ վերջին տարիներին տեսնելով որ ոչ ոք չի ցանկանում աջակցել, մականախաղի մասնագետները սեփական ուժերով սկսել են որոշակի աշխատանքներ կատարել:

«Հրազդան քաղաքում այսօր Նվեր Զաքարյանի  նախաձեռնությամբ սկսել է աշխուժություն նկատվել: Մարզվողների թիվն անցնում է 60-ից: Հնարավոր է, որ քաղաքապետարանը արդեն այս տարի գործող 7-8 թիմերի համար խաղադաշտ բացի: Երրորդ տարին է մարզիչ Մասիս Արզումանյանի նախաձեռնությամբ խմբեր են գործում Արտաշատում: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա հայտնի են Շենգավիթի համայնքի մարզադպրոցի աղջիկների եւ տղաների թիմերը, որոնք վերջին տարիներին հասցրել են մասնակցել մի  շարք մրցումների, մասնավորապես, աղջիկների Վրաստանի գավաթի խաղարկությանը, որից մեր թիմը տուն վերադարձավ գլխավոր  մրցանակով, իսկ աղջիկների Հայաստանի հավաքականը 3-րդ տեղը գրավեց Իրանում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում»,- ասաց Նիկոլայ Ջուլհակյանը:

Երեւանի «Նաիրի» թիմի նախկին խաղացող Գառնիկ Մելիքյանի գլխավորությամբ թիմ է մարզվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ասֆալտապատ խաղադաշտում: Թիմն արդեն մի քանի անգամ մասնակցել է մրցումների, ապահովված է հանդերձանքով եւ մարզագույքով: Արհեստական խաղադաշտ կա Չարբախում: Առաջիկայում պետք է անցկացվի Հայաստանի ձմեռային առաջնությունը:

«Բոլոր մարզիչներն աշխատում են հասարակական  կարգով: Ցանկանում եմ երախտագիտության խոսք ասել ամերիկահայ Փոլ Ղազարյանի հասցեին, ում աջակցությամբ խմբեր են բացվել Չարենցավանում, Երեւանի համայնքներում, իսկ աղջիկների հավաքականը ապահովված է լավագույն մարզահագուստով եւ երբեք չի տրտնջացել: Հենց այս սերն ու նվիրվածությունն էլ թույլ չեն տալիս մոռացության մատնել մականախաղը Հայաստանում»,- եզրափակեց Նիկոլայ Ջուլհակյանը:

Նշենք, որ պետությունից ֆինանսավորում ամենաքիչը ստանում է հենց մականախաղի ֆեդերացիան` 1,5 միլիոն դրամ: Ամենամեծ ֆինանսավորումն ունի ծանրամարտի ֆեդերացիան` 165 միլիոն դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով