20:24  ,  30 ապրիլի, 2012

Հայկական թիմի խաղացողները մերժում են ԱՄՆ-ի հավաքականների հրավերը, բայց Հայաստանից ոչ մի աջակցություն չեն ստանում. հարցազրույց

Ինչ արվել է ջրագնդակում, ինչ հաջողություն, որ մենք ունեցել ենք վերջին մի քանի ամիսների ընթացքում, դա Հայաստանի ջրագնդակի արդեն նախկին նախագահ Գագիկ Հովհաննիսյանի շնորհքն է եւ ջանքը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2000 թվականին ԱՄՆ-ում հիմնված Օլիմպիական ռեզերվներ ջրագնդակի հայկական ակումբի` (ORWP) ավագ մարզիչ Վահագն Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի արտահերթ ժողովում Գագիկ Հովհաննիսյանի փոխարեն կազմակերպության նախագահ է ընտրվել Կարեն Գյունաշյանը: Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունը դժգոհությունների առիթ է դարձել: Այս անգամ հերթը հասել է ԱՄՆ-ում գործող ջրագնդակի հայկական ակումբի ղեկավարությանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը կապ հաստատեց ԱՄՆ-ի ORWP ակումբի ավագ մարզիչ Վ. Առաքելյանի հետ:

Պարոն Առաքելյան, դուք հայ վետերան ջրագնդորդների ասոցիացիայի անդամ եք, ֆեդերացիայի նորընտիր նախագահ Կարեն Գյունաշյանը նույնպես վետերան է եւ ձեր գործընկերը: Հայաստանում ջրագնդակի ֆեդերացիայում տեղի ունեցած խմորումներում  ի՞նչն է ձեզ անհանգստացնում:

Ես չեմ ցանկանա ինչ-որ մեկին փնովել, վատաբանել, քանի որ բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ էլ ընկերություն ենք արել, բոլորի հետ էլ ժամանակին խաղացել եմ: 2006 թվականին, երբ առաջին անգամ թիմը բերեցի Հայաստան` Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնելու, այդ ժամանակ Գագիկ Հովհաննիսյանի եւ մի քանի մեր ընկերների ջանքերով Վանաձորում ստեղծվեց ջրագնդակի խումբ, մենք նրանց գնդակներ նվիրեցինք, կանչեցինք մեզ հետ հավաքների մասնակցության, փորձի փոխանակում եղավ, մենք գնացինք Վանաձոր, այնտեղ մրցումներ անցկացրեցինք: Այդտեղի մարզիչին անգամ մի քանի ամիս շարունակ մենք ենք աշխատավարձ վճարել` ես, Գագիկը, եւ եւս մի քանի ընկերներ: Մինչեւ այդ տարիները ֆեդերացիան ոչինչ չի արել,  ավելի կոնկրետ` ֆեդերացիան նույնիսկ չի էլ գործել, ուղղակի հավաքվել են, զրուցել ու վերջ: Այո, ես վետերանների ասոցիացիայի անդամ եմ եւ ինձ համար ամենազարմանալին վետերանների միջամտությունն է այս ամբողջ խառնաշփոթին: Մինչեւ այսօր ոչ մի լուրջ ու կոնկրետ գործ չի արվել այդ ֆեդերացիայում` հավաքական, ակումբներ ստեղծելու համար:  Իմ դուրն այդքան էլ չի գալիս այս ամբողջ իրարանցումը, որ ստեղծվել է այդտեղ` Հայաստանում: Կարող է շատերի համար դա աժիոտաժի առաջացման, հետաքրքրության պատճառ է, բայց իմ կարծիքով այս դեպքերում, փոխանակ համախմբված ամեն ինչն արվի, ոչ մի բան չեղած` պառակտում է առաջանում:

Կարեն Գյունաշյանի կարծիքով, Գագիկ Հովհաննիսյանը խեղաթյուրել է ջրագնդակի պատմությունը:

Այդտեղ խեղաթյուրված ոչինչ չկա: Երբ Գագիկ Հովհհանիսյանն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, առաջին քայլը, որ նա ուզում էր անել, ամեն ինչ բերել օրինական հիմքերի վրա: Այսինքն` որպեսզի բոլոր ակումբները, որոնք գործում են ՀՀ-ում, գրանցվեն ֆեդերացիայում, այդ թվում` բոլոր մարզիչները, մրցավարները: Դա պահանջում էր մեր կանոնադրությունը, ինչպես նաեւ`եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաները` ԼԵՆ-ը եւ ՖԻՆԱ-ն: Այս ֆեդերացիաները խնդրել էին նաեւ ստեղծել ինտերնետային կայք: Մենք Գագիկի հետ ստեղծեցինք այդ կայքը, որի ստեղծման, օգտագործելու, ակտիվ պահելու համար ահռելի գումարներ է ծախսվում: Հայաստանում ջրագնդակի   պատմության մեջ երբեւէ այսքան գումարներ չի ծախսվել: Ինչ վերաբերում է պատմությանը, ապա կայքում տեղադրված է այն, ինչ կարողացել էինք հայթայթել: Իսկ այդտեղ խեղաթյուրված ոչինչ չկա: Ես միայն հասկանում եմ, որ այս ամենի պատճառն այն է, որ մենք ոմանց հաղթանակների մասին չենք հիշատակել: Գ. Հովհաննիսյանը բոլորին` վետերաններին, միջազգային կարգի մրցավարներին խնդրել է` իրեն տրամադրել ջրագնդակի պատմությունը, որպեսզի տեղադրենք կայքում: Մենք ինչ հայթհայթել ենք, դա էլ դրված է: Ուղղակի երեւի մի քանիսի անունները, նրանց հաջողությունները նշված չեն, երբ լինի, դա նույնպես կտեղադրվի: Սա չի նշանակում, որ խեղաթյուրել ենք:

Կ. Գյունաշյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում հայտնել էր նաեւ, որ վետերանների ասոցիացիան է Ձեզ առաջին անգամ հրավիրել այստեղ, այսինքն` Հայաստանի հավաքական:

Ես ակումբի ստեղծման առաջին օրից Հայաստանի հետ կապված բոլոր իմ հարցերը լուծել եմ Գագիկ Հովհաննսիյանի հետ: Ես նույնիսկ գումարներ եմ վճարել Հայաստանում մրցումներ անցկացնելու համար եւ այդ ամենը Գագիկի միջոցով: Ինձ ոչ ոք Հայաստան չի հրավիրել, ես ուղղակի ասել եմ, որ պիտի գամ Ծաղկաձոր` ուսումնամարզական հավաքի: Եվ ամեն անգամ Երեւան գալուց մեզ աջակցել է Գագիկը եւ նրա շնորհիվ է, որ մեզ Հայաստանում ընդունել են որպես Հայաստանի հավաքական: Ես իմ թիմի բոլոր հարցերը միշտ ճշտել եւ ճշտելու եմ Գ. Հովհաննիսյանի հետ: Շատ սերտ հարաբարերությունների մեջ ենք եղել նաեւ այն ժամանակվա վետերանների խորհրդի նախագահ Լեւոն Շումազանյանի հետ: Եթե Գագիկից բացի ուրիշի հետ ինչ-որ մի հարցով կապ եմ ունեցել, դա եղել է Լեւոն Շումազանյանը:  

Ձեր վերաբերմունքը  ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Գ. Հովհաննիսյանին Կ. Գյունաշյանով փոխարինելուն:

Առաջին անգամ, երբ մենք իմացանք, որ Գ. Հովհաննսիյանն ընտրվել է նախագահ` մեր այստեղի թիմի խաղացողների եւ մարզիչների մեջ հույս արթնացավ, որ, վերջապես, սայլը տեղից կշարժվի: Այս խառնաշփոթը սկսվել է ոչ թե NEWS.am Sport-ի հրապարակումից հետո, այլ` դեռեւս  2000 թվականից: Ստացվում է` մենք այստեղ` ուրիշ երկնքի տակ տքնում ենք, ջանք ու եռանդ չենք խնայում աշխարհին Հայաստանը ներկայացնելու, լավ արդյունքներ ցույց տալու համար, բայց նույն Հայաստանից  ոչ մի աջակցություն չենք ստանում: Այստեղ մի ամբողջ պետության գործ է արվում: Եթե հենց հիմա ֆեդերացիան ուզենա Հայաստանում ստեղծի այս մակարդակի թիմ, ահռելի գումարներ եւ ավելի քան 10 տարվա աշխատանք կծախսի: Ֆեդերացիան պետք է հասկանա, որ ամեն ինչ արված է, մեզ ընդամենը պետք է մրցաշարերի մասնակցություն ապահովել: Զարմանում եմ, որ այս հնարավորությունը չեն ուզում սպորտի ղեկավարները օգտագործել: Որ իմանան այստեղից իմ ուզածն ինչ է, շատերի ծիծաղը կգա... Ընդամենը 70.000 դոլար գումար, որ կարողանանք մեր մրցաշարերի շարքին ավելացնել Եվրպայի առաջնությունը` կարողանանք Եվրոպայում մրցաշարերի մասնակցել: Եթե ուզում ենք 2016 կամ 2020 թվականներին թիմ ներկայացնել Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերում, մեզ մի քիչ ավելի ֆինանս է պետք: Չենք ուզում, որ այդ գումարը մեզ տան, այլ` խնդրում ենք այդ ծախսերը հոգացեք, մենք գնանք մրցավայր: Մեզ ոչ մի գումար պետք չի: Ես այս ամենն անելու համար Հայաստանի կառավարությունից կամ ֆեդերացիայից ոչ մի գումար չեմ ուզում:

Ձեր հետագա գործելաոճը կփոխվի՞ նախագահի փոփոխության հետ, թե՞ շարունակելու եք աշխատել Գագիկ Հովհաննիսյանի հետ:

Կապ չունի որ նա իմ ընկերն է, բայց ես այդ աշխատանքն ու շարժը տեսնում եմ Գագիկի գործունեության մեջ: Ինչպես նա, այնպես էլ ես ամեն ինչ թողել ենք եւ նվիրվել ենք ջրագնդակին: 8-10 տարի ես այստեղից տեսնում եմ, որ Հայաստանում ջրագնդակում ոչ մի շարժ չի եղել: Դա նկատվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, Գագիկի շնորհիվ: Մենք էլի իրար հետ համագործակցելու ենք, կապ չունի թե ով կլինի ֆեդերացիայի նախագահ: Այս սպորտաձեւում շահ չկա, ոչ ոք չպետք է շահ ման գա այստեղ:

Դուք ցանկություն եք հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Ի՞նչ լուծում ստացավ ձեր ցանկությունը:

Մեր նպատակը հենց սկզբից էլ դա է եղել: Այստեղ մենք երեխաներ ունենք, որ հրավիրվում են ԱՄՆ հավաքական, բայց հրաժարվում են, քանի որ ՖԻՆԱ-ում եւ ԼԵՆ-ում օրենք կա, ըստ որի եթե մի երկրի հավաքականից խաղում ես, դու իրավունք ունես երկքաղաքացիություն ունենալ, բայց մի երկրի հավաքականում խաղալու դեպքում երկրորդ երկրի դրոշի տակ չորս տարի իրավունք չունես հանդես գալ: Մեր երեխաները, այդ օրենքը իմանալով, հավաքվեցին եւ որոշեցին, որ պետք է հանդես գան իրենց հայրենիքի դրոշի ներքո: Մենք էլ` մարզիչներս, համաձայնվեցինք, որ սա լավ հնարավորություն է հետագայում Հայաստանի կողմից, որպես հավաքական թիմ հանդես գալ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Մեր տղաները կկարողանան ընդգրկվել ջրագնդակի պրոֆեսիոնալ ակումբներում: Հույս ունենք, որ դիմումը լուծում կստանա: Թիմի անդամներն էլ են ուզում Հայաստանի դրոշի տակ հանդես գալ, նրանց հույսով ենք արել, որ դա կլինի: Իմ երեխաները պարբերաբար հրավիրվում են ԱՄՆ-ի թիմի հավաքներին, բայց չեն գնում: Նրանց առաջ շատ անհարմար իրավիճակում ենք հայտնվելու, եթե հանկարծ Հայաստանի համար էլ չկարողանան հանդես գալ: Կստացվի մենք նրանց կտրել ենք հնարավորություններից: Դա կլինի ֆեդերացիայի պատճառով: Նախ` պետք է նրանց անձնագրերի հարցը լուծվի: Հայաստանում ասում են` մինչեւ արդյունք չունենաս, ոչինչ չենք անի, բայց սա թիմային սպորտ է: Շատ երկրներ արդյունք ասվածին սպասում են տարիներով, գումարներ են ներդնում թիմերի վրա:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս