17:44  ,  17 փետրվարի, 2016

Արթուր Գեւորգյան. Այս քննությունը բոլորի դիմակները պատռեց

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անցկացրած առաջին մարզչական որակավորման քննության արդյունքները հայտնի են։ Քննություն հանձնած մարզիչներից 80-ը հաղթահարել են որակավորման փուլը եւ ստացել առաջին կարգի մարզչական որակավորման հավաստագրեր։ Քննությունից կտրվել է 8 մարզիչ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը՝ ամփոփելով քննության արդյունքները։ 

«Գոհ եմ արդյունքներից։ Իրենց մոտ էլ այդ տագնապը, մտահոգությունն անցավ, իրենք էլ հասկացան, որ իսկապես այս ամենն արվում է իրենց համար։ Հիմա արդեն իրենք էլ են գոհ, որ ձեռք բերեցին որակավորման մեկ աստիճան, հավաստագրեր։

Մարզիչների որակավորման քննություն հանձնեցին 80-ից ավելի մարզիչներ։ Քննությունը չեն կարողացել հանձնել 8 մարզիչ։ Ի դեպ, նրանց մեջ կա մարզիչ, ում պատրաստվում էին վաստակավոր մարզիչի կոչում շնորհել։ Այդ ավելորդ լոպազությունը բերում է նրան, որ շատ էլ թե այսօր բախտի բերմամբ  նրա մոտ հայտնվել է շնորհալի աշակերտ, դարձել պատանիների կամ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, ինչը դեռ չի նշանակում, որ այդ մարզիչը համապատասխանում է վաստակավորի կոչմանը։ Այս քննությունը բոլորի դիմակները պատռեց։ Ոչինչ, թող գնան նորից կարդան, սովորեն, գան հանձնեն եւ միայն այդ ժամանակ իրավունք կունենան արժանանալու վաստակավոր մարզիչի կոչմանը։

Հավանակությունը մեծ էր, որ այս քննությունը ներքին խմորումներ կառաջացներ։ Բայց եթե ցանկանում ենք սայլը տեղից շարժել ապա մեզ սուր անկյուններ պետք չեն։ Մենք բոլորս մի ուղղությամբ պետք է շարժվենք։

Սա մարզիչների համար գիտելիքների նոր պաշար էր, եւ նրանք շատ լավ հասկանում են, որ սա իրենց անհրաժեշտ է։ Ցավոք, մեր մարզիչներն այսքան տարիների ընթացքում չունեին այդ գիտելիքների պաշարը, բայց ոչ ոք չէր ցանկանում սովորել։ Շատ դեպքերում իրենք էլ մեղավոր չեն, որ չեն իմացել այսքան ժամանակ, նրանց ոչ ոք այդ գրականությունը չի տվել, որ սովորեն։ Այսքան ժամանակ մեր մարզիչները զուտ իրենց մարզչությունն են արել այնքանով, որքանով գիտեն։ Իսկ արդյունքը եղել է այն, որ մարզիչների քանակը շատ ավելացել է, բայց մարզիկների որակը չի բարձրացել։ Ես, որպես ֆեդերացիայի նախագահ, իմ առջեւ խնդիր էի դրել՝ առաջին հերթին բարձրացնել մարզիչների որակը, որպեսզի կարողանանք ճիշտ մարզիկներ ստանալ։ Հույս ունեմ, որ այս քննությունը մեկ քայլով կբարձրանի որակը։ Հետագայում իրենց կսպասվի երկրորդ աստիճանի, ապա նաեւ երրորդ աստիճանի որակավորման քննություն, որը կլինի ամենաբարձր կատեգորիան։

Այն մարզիչները, ովքեր չեն անցել որակավորման քննությունը, նրանց հնարավորություն կտրվի երկրորդ-երրորդ անգամ վերահանձնել»,- ասաց Արթուր Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ քննությունն անցկացվել էր փետրվարի 6-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում