17:33  ,  7 փետրվարի, 2016

Արթուր Գեւորգյանն անցկացրեց մարզչական որակավորման քննություն

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում փետրվարի 6-ին քննություններ էին: Տարբեր տարիքի մոտ 80 մարզիչներ մասնակցեցին մարզչական որակավորման քննության: Թեստային համակարգով անցկացվող քննության ընթացքին հետեւում էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը եւս հետեւեց քննության ընթացքին եւ զրուցեց Արթուր Գեւորգյանի հետ:

«Սա մարզչական որակավորման քննություն է, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Մենք դեռ ոչ մի մարզաձեւում նման օրինակ չենք ունեցել: Մեր մարզիչներն՝ ըստ ԱԻԲԱ-ի միջազգային կանոնակարգի, այնտեղ հանձնում են քննություն, որպեսզի ունենան որակավորում եւ իրավունք՝ իրենց մարզիկներին ներկայացնել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Կանոնակարգը թելադրում է, որպեսզի մեր երկրի ներսում եւս անցկացնենք նմանօրինակ քննություն: Այն մարզիչները, ովքեր չեն հաղթահարի որակավորման փուլը Հայաստանում, իրավունք չեն ունենա մարզիկներ ներկայացնել Հայաստանի առաջնությանը: Այսօր դեռ մեկ աստղի քննությունն է, մարզիչների որակավորման կարգը լինելու է մինչեւ 3 աստղ: Առայժմ դեռ պրիմիտիվ հարցեր են, 150 հարցից ընտրված է 25 հարց՝ թեստային տարբերակով: Հետագա փուլերը կլինեն եւս 2 եւ 3 աստղի քննություններ: Այս քննություններին չեն մասնակցում միայն այն մարզիչները, ովքեր արդեն ԱԻԲԱ-ից ունեն 1, 2 եւ 3 աստղանի որակավորում: Նրանք այսօր մեխանիկորեն կստանան որակավորման հավաստագրեր: Իսկ եթե չհաղթահարեն, հաջորդ տարի կրկին կփորձեն: 25 հարցից սխալվելու երեք իրավունք ունեն: Այնպիսի հարցեր են, որ իրենք պարտավոր են տիրապետել: Նման հավաստագրերով մենք օրինականացնում ենք մարզիչների մուտքը բռնցքամարտ: Պատահական մարդիկ այլեւս չեն լինի բռնցքամարտում եւ ոչ մի կառույց ինքնագործունեությամբ չի զբաղվի»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ քննություն հանձնող մարզիչներն անհարմար իրավիճակում էին հայտնվել, քանի որ առաջին անգամ էին մասնակցում որակավորման քննությանը: Արթուր Գեւորգյանն էլ նկատողություններով, իրար չհուշելու, չխանգարելու հորդորներով շրջում էր քննասենյակում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում