17:40  +04,  23 հուլիսի, 2015

Հայկական հեծանվասպորտի վերածնունդ. հարցազրույց (ֆոտո)

Հեծանվասպորտը թանկ մարզաձեւ է, մեծ ֆինանսներ է պահանջում, ներդրումներ։ Մեկ տարվա համար մեզ գոնե մինչեւ 100 միլիոն դրամ գումար է հարկավոր Հայաստանի հեծանվասպորտում արդյունավետ եւ մեդալառատ աշխատանքի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը՝ խոսելով հայկական հեծանվասպորտի խնդիրների եւ մարզաձեւի զարգացման հեռանկարների մասին:

Հիշեցնենք, որ Աթենքում անցկացված հրապարակային հեծանվասպորտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է ոսկե մեդալ։

Պարոն Գյոզալյան, ամփոփեք Եվրոպայի երիտասարդների առջնությունը: Գո՞հ եք հեծանվորդների մրցելույթներից եւ արդյունքներից:  

Մարզիկների մասնակցությունը գնահատում եմ գերազանզ, ոչ նրա համար, որ ոսկե մեդալ ենք նվաճել, այլ թիմի աշխատանքն եմ բարձր գնահատում: Սա թիմային աշխատանք էր, եւ արդյունքը սպասել չէր տա: Սա միայն մարզիկների կամ մարզիչի աշխատանքը չէր։ Մարզիչի կողքը կան բանիմաց, բարձր կարգի մասնագետներ, որոնց համատեղ աշխատանքի ու հավատի արդյունքը եղավ Եվրոպայի ոսկե մեդալը: Դեռ ունենք աշխարհի առաջնություն՝ օգոստոսի 19-23-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Սպասելիքներ ունենք, թող ամպագոռգոռ չհնչի, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նույն արդյունքը ապահովենք:

Վերջերս Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արման Սահակյանը: Ֆեդերացիայի նախագահի փոփոխությունը դրական ազդեցություն ունեցա՞վ հայկական հեծանվասպորտում:

Հայաստանն այս մարզաձեւում անկախացումից հետո նման հաջողություն չէր ունեցել: Ունեցել ենք մեդալներ՝ 2 արծաթե մեդալ, որը նվաճել է Մհեր Մկրտչյանը 2011 թվականին երիտասարդների աշխարհի առաջնությունում եւ 2014 թվականին Կորեայի Սեուլ երիտասարդների աշխարհի առաջնությունում խմբակային վազքում Էդգար Ստեփանյանը նվաճել է բրոնզե մեդալ: Բայց չեմպիոն չէինք ունեցել մինչ օրս: Ունեցել ենք շատ բարձրակարգ մարզիկներ՝ Օլեգ Կլեւցով, Մեսրոպ Ջաբոյան, Նորիկ Ավետիսյան…

Տարբեր տարիներին հայկական հեծանվասպորտում եղել են բարձրակարգ մարզիկներ, բայց նման արդյունք այդ մարզիկներին չի հաջողվել գրանցել: Իսկ այժմ մենք ընտանիք ենք՝ հեծանվասպորտի ֆեդերացիան, բանիմաց մարզիչ Վիկտոր Ավետիսյանը,  տեխմեխանիկ Արսեն Բորյանը, մերսող բժիշկ Արթուր Ղազարյանը, հեծանվահրապարակի աշխատակազմը, տնօրինությունը։ Սա մեծ ընտանիք է, յուրաքանչյուրս աշխատում ենք մեկ նպատակի համար՝ Հայաստանում զարգացնել հեծանվասպորտը եւ այսպիսի նվաճումներով գրել հայկական սպորտի պատմություն: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չի կարող մեկ կամ երկու մարդու աշխատանքի արդյունք լինել:

Այդ ընտանիքը ե՞րբ վերածնվեց, ի՞նչը դարձավ վերածննդի խթան եւ ո՞ւր էր այն այսքան ժամանակ:

Մեր մեծ ընտանիքը վերածնունդ առավ 2011 թվականից, երբ սկսեցինք նոր էջից գրել Հայաստանի հեծանվասպորտի պատմությունը արդեն մեդալներով: Ունեցել ենք շատ մեդալներ միջազգային մրցաշարերից, բայց նմանատիպ վերածնունդ եղել է 2011 թվականին Մոսկվայում: Վերածնունդը կարելի է համարել ուշացած, քանի որ եղել են բազմաթիվ պատճառներ՝ պայմանները, հնարավորությունները, ֆինանսները, մարզումները քիչ էին: Միայն հավատն էր, որ ունեինք եւ այն երբեք չի պակասում: Այժմ ունենք ամեն ինչ՝ լավ մարզագույք, մարզումների գրաֆիկ, տեխմեխանիկ: Ուղղակի խնդիրն այն է, որ միշտ ինչ-որ բան պակասել է, միջազգային մրցումներն էին քիչ, մարզիկներն անփորձ էին: Հիմա ունենք համակարգված աշխատանք ֆեդերացիայի շնորհիվ:

Եվ այսքան երկար սպասված արդյունքը ինչպե՞ս տոնեցիք:

Մեծ ուրախությամբ: Սա լավագույն նվերն էր, որ մեզ հետ կարող էր պատահել։ Առաջին անգամ հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացվեց Հայաստանի եռագույնը հեծանվասպորտում: Ես այժմ  ամպերով չեմ սավառնում, ուղղակի բոլոր մարզիչները, ովքեր տանջվում, աշխատում են, կցանկանան իրենց աչքերով տեսնել այդ երջանիկ պահը: Դա իրական երջանիկ պահ էր: Պահը վայելեցինք, այժմ անցել ենք մեր մարզումային բնականոն հունին: Օգոստոսի 1-15-ը Ծաղկաձորում կանցկացնենք հերթական ուսումնամարզական հավաքը՝ աշխարհի առաջնությունից առաջ:

Նշեցիք, որ հավատը երբեք չեք կորցրել, որ մի օր տարիների աշխատանքն իր արդյունքը կտա: Օլիմպիական վարկանիշների, ուղեգրերի եւ օլիմպիական մեդալների հավատ կա՞:

Հավատը միշտ էլ կա: Ռիո-2016-ի վարկանիշ ձեռք բերելու, օլիմպիական ուղեգիր նվաճելու հույս գրեթե չկա. 10 տոկոս է մեր հույսը: Արդեն ուշացել ենք, օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար վարկանիշային մրցաշարերի պետք է մասնակցեինք, բայց ցավոք բաց ենք թողել: Հոկտեմբերին Շվեյցարիայում տեղի է ունենալու մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին նպատակ ունենք մասնակցել: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Էդգար Ստեփանյանը եւ Մհեր Մկրտչյանը մասնակցեն: Եթե կարողանանք մասնակցել, հնարավորություն կունենանք մասնակցել աշխարհի գավաթային մրցաշարերին եւ օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Հույսը շատ քիչ է, բայց կա: Իսկ եթե չհաջողվի, մենք ունենք մեծ ներուժով եկող սերունդ, որը տեսնելով մեր տղաների այս հաջողությունները, ավելի մեծ ձգտումով են մարզվում: Հավատում ենք, որ այդ բարձունքին էլ կհասնենք. Աշխատում ենք մեծ հավատով, հաշվի չառնելով ոչ աշխատավարձ, ոչ դժվարություն. անում ենք ամեն ինչ, մինչեւ վերջ ու լավ:

Ֆեդերացիայի նորընտիր նախագահն ի՞նչ ծրագրերով եւ նպատակներով է եկել հեծանվասպորտ: Ի՞նչ փոփոխություններ, բարեփոխումներ են եղել Արման Սահակյանի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո:

Միայն ուշադրությունը հեծանվասպորտի ջատագովներին, մարզիկներին, մարզիչներին, արդեն դրական փոփոխություն է: Ես չեմ ցանկանում փնովել նախորդ նախագահներին կամ գովել նորին: Բայց ուշադրությունն ավելի է ոգեւորում բոլորիս, բարձրացնում է բոլորիս աշխատունակությունը, աշխատանքն ավելի է հեշտանում եւ դրական արդյունքներ տալիս: Մեր ֆեդերացիայի նախագահը գործից հասկացող անձնավորություն է: Վստահ եմ, որ նա կանի ամեն ինչ, որ արդյունքներն էլ ավելի բարձր լինեն: Նոր նախագահն արդեն արել է ֆինանսական աջակցություն, ներդրում: Նման հաջողությունները կրկնելու համար մեզ հարկավոր են մեծ ֆինանսներ: Հեծանվասպորտը թանկ մարզաձեւ է, մեծ ֆինանսներ է պահանջում, ներդրումներ: Մեկ տարվա գոնե մինչեւ 100 միլիոն դրամ է հարկավոր արդյունավետ եւ մեդալառատ աշխատանքի համար: Եթե չլինեն ֆինանսներ, մենք հաջողություններ չենք ունենա, մրցումների չենք մասնակցի: Օրինակ՝ Եվրոպայի առաջնությունում Էդգար Ստեփանյանի հետ մեկնարկի կանգնած մարզիկները արդեն մասնակցել էին մոտ 50-60 միջազգային մրցումների: Մենք մասնակցել ենք ընդամենը երկու միջազգային մրցաշարի: Իսկ մրցումներին մասնակցելու համար հարկավոր են մեծ ֆինանսներ, որը չունենք: Մենք մինչ օրս մեզ հետ մրցման չէինք տանում մեխանիկի, մերսմնան բժշկին: Երբ հեծանիվների հետ ինչ-որ խնդիր էր լինում, ես թողնում էի մարզիկին եւ մեխանիկի աշխատանք անում, այնքանով, որքանով կարողանում էի: Ֆեդերացիայի նոր նախագահը նաեւ այդ հարցին լուծում տվեց: Այսուհետեւ մրցումների կմեկնենք լիարժեք թիմով:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան / NEWS.am Sport 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ