21:47  ,  22 հուլիսի, 2015

Էդգար Ստեփանյան. Հայաստանի հիմնը հեծանվասպորտի պատմության մեջ չէր հնչել, աննկարագրելի պահ էր (ֆոտոշարք)

Ամենատպավորիչ պահը, որ կարծում եմ՝ երբեք չեմ մոռանա, դա Հայաստանի դրոշը բարձրանալու եւ Հայաստանի հիմնը հնչելու պահն էր: Հայաստանի հիմնը հեծանվասպորտի պատմության մեջ միջազգային մրցասպարեզում չէր հնչել: Աննկարագրելի պահ էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնության հաղթող,  2014 թվականի աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Ստեփանյանը:

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի հետ հանդիպումը Հայաստանի հեծանվային սպորտի ազգային տեխնիկական կենտրոնի եւ հեծանվային սպորտի մարզադպրոցում էր, որի սանն է Էդգար Ստեփանյանը:

Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո նա առանց հանգստանալու անմիջապես անցել է մարզումներին: Երբ այցելեցինք մարզադպրոց, 18-ամյա մարզիկը մարզահագուստով էր, նոր էր ավարտել հերթական մարզումները: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցի համար խնդրեց մի քանի րոպե սպասել, ապա վերադարձավ այն մարզաշապիկով, որով հաղթել է Աթենքում, իսկ կրծքին փայլում էր երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

Էդգար, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Պատմիր քո մասին, ե՞րբ առաջին անգամ ոտք դրեցիր հեծանվահրապարակ եւ ինչպե՞ս որոշեցիր դառնալ հեծանվորդ:

Հեծանվասպորտով զբաղվում եմ 2009 թվականի օգոստոսից։ Արդեն 6 տարի է: Ես ծնվել եմ Մասիսում: Առաջին քայլերս կատարել եմ Մասիսի հեծանվասպորտի մարզադպրոցում: Ապա մեկ ամիս անց տեղափոխվեցի Երեւանի մարզադպրոց:

Հեծանիվ վարել սիրել եմ դեռ փոքր տարիքից: Երբ առաջին անգամ մուտք գործեցի հեծանվահրապարակ, այստեղ վարեցի հեծանիվ, սիրեցի, եւ որոշեցի ավելի մասնագիանալ այս մարզաձեւում: Այդպես սկսեցի հաճախել մարզադպրոց, սկսվեցին մարզումները, հաջորդեցին մրցումները, մրցաշարերը, հաջողություններ, անհաջողություններ, ավելի ծանր գրաֆիկով մարզումներ: Այսպես սկսեցի իմ սպորտային կարիերան:

Ես դեռ չեմ համարում, որ արդեն պրոֆեսիոնալ եմ, որ ունեմ արդեն մի քանի մեդալ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եմ, ուրեմն արդեն կայացած մարզիկ եմ, հեծանվորդ: Դեռ երկար աշխատանք կա: Ցանկությունս մեծ է դառնալ պրոֆեսիոնալ. ամեն ինչ անում եմ դրա համար:

Ինչպե՞ս հաջողվեց Եվրոպայի առաջնությունում շրջանցել բոլորին եւ դառնալ առաջինը:

Սպասումներ ու ակնկալիքներ միշտ կան, յուրաքանչյուր մրցաշարից առաջ: Հավատ եւս կա, որ մի օր Հայաստանին կհաջողվի: Իհարկե, Եվրոպայի ոսկե մեդալ նվաճելու հույսը շատ քիչ էր, բայց մեդալակիր դառնալու սպասելիքներ ունեինք: Այդ հույսերը ծնունդ էին առել դեռ մի քանի տարի առաջ: Օրինակ՝ 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեցի բրոնզե մեդալ: Արդեն այս առաջնությունում վստահությունս մեծ էր եւ մեծ ձգտումներով մեկնել էի մրցավայր՝ Աթենք եւ ակնկալում էի, որ բրոնզե մեդալ վստահ կնվաճեմ: Բայց ոսկե մեդալի ակնկալիք ինքս չունեի:

Եվրոպայի առաջնությանը շատ լավ էինք պատրաստվել, առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք անցկացրինք Ծաղկաձորում, լավ մարզավիճակում էի: Սխալ է ասել, թե ես Եվրոպայի չեմպիոն դարձա այս մի քանի ամիսների աշխատանքի արդյունքում: Սա վերջին տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն էր եւ դրանում բոլորի ներդրումը կա: Բոլորով կարողացել ենք նվաճել Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը եւ վերցնել ոսկե մեդալը:

Ի՞նչ զգացողություններ էին քեզ պատել, երբ կանգնած էիր պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին եւ բարձրացվում էր Հայաստանի դրոշը:

Դեռ մի քանի շրջան առաջ ես բոլորից առավել էի մեկ շրջանով, արդեն գիտեի, որ դառնալու եմ Եվրոպայի չեմպիոն: Բայց նույնիսկ այդ ժամանակ ես չէի հավատում, որ չեմպիոն եմ: Մինչեւ չհատեցի վերջնական եզրագիծը չէի համոզվել, որ դառնալու եմ չեմպիոն: Արդեն հենց հատեցի, այդ պահին անբացատրելի զգացողություն, ուրախություն էի զգում: Չեմ կարող նույնիսկ նկարագրել բոլորիս ուրախությունը, իմ, մարզիչի, իմ մեխանիկի, ընկերներիս երջանկությունը ուղղակի անհավատալի էր: Մենք այնքան ուրախ էինք, որ չէինք էլ նկատում մեր շուրջն ինչ էր կատարվում: Բոլորն իսկապես ուրախ էին, անգամ մյուս երկրների ներկայացուցինչներն ու նրանց մարզիչները: Իսկ ամենատպավորիչ պահը, որ կարծում եմ՝ երբեք չեմ մոռանա, դա Հայաստանի դրոշը բարձրանալու եւ Հայաստանի հիմնը հնչելու պահն էր: Հայաստանի հիմնը հեծանվասպորտի պատմության մեջ միջազգային մրցասպարեզում չէր հնչել: Աննկարագրելի պահ էր:

Չեմ կարծում, որ Եվրոպայի չեմպիոն դառնալով իմ կյանքում որեւէ բան կփոխվի, ամեն ինչ նույնն է մնացել, միայն մեկ բան է փոխվել՝ ես դարձել եմ Եվրոպայի չեմպիոն: Բայց չեմ կարծում, որ չեմպիոնական այս մեդալը կարող է բնավորության մեջ որեւէ գիծ փոխել: Այս տիտղոսով ես կստանամ նաեւ թոշակ, բայց ինձ համար բարձր եւ առաջնային տեղում մնում են իմ նվաճումները:

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոնն ի՞նչ երազանք ունի:

Ցանկացած մարզիկի երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին եւ դառնալ օլիմպիական մեդալակիր: Իմ երազանքն էլ է դա: Քայլում եմ դեպի իմ երազանքը, բայց գիտակցում եմ, որ հասնելու համար երկար ու դժվարին ճանապարհ պետք է անցնեմ: Այդ երազանքն ու ձգտումն ունեն նաեւ մեր մարզիչը, մեխանիկը, բոլորը, ովքեր աշխատում են մեզ հետ: Մենք առայժմ փորձում ենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերել, ինչի համար անհրաժեշտ է մասնակցել շատ մրցաշարերի: Մասնակցությունը պայմանավորված է մեծ ֆինանսներով, ինչի պակասը կա: Առջեւում Ռիո-2016-ն է, որին մասնակցելու շանսեր գրեթե չունենք: Վարկանիշ ձեռք բերելու համար ես պետք է անցնեի մի քանի փուլ՝ աշխարհի գավաթային մրցաշարեր, որոնք բաց ենք թողել բավարար գումար չլինելու պատճառով: Բայց սա սպորտ է եւ հնարավոր է ամեն ինչ: Գուցե, կարողանամ մասնակցել: Դեռ չեմ կարող ասել ոչինչ: Ժամանակը ցույց կա: Կարեւորն այն է, որ հիմա արդեն մարզագույքի խնդիր չունեմ, եվրոպական ստանդարտներին համապատասխանող հեծանիվ ունեմ։ Այն նվեր եմ ստացել Պատրիկ Լորենից:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով