13:24  ,  3 մարտի, 2012

L`Equipe. Մորմեկը վստահ է, որ Կլիչկոն վախենում է իրենից

Մարտի 3-ին Դյուսելդորֆում կայանալիք գերծանրքաշային կարգի WBA/WBO/IBF/IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի Վլադիմիր Կլիչկո - Ժան Մարկ Մորմեկ մենամարտից առաջ ֆրանսիացի բռնցքամարտիկը L`Equipe-ին պատմել է իր վախերի եւ հույսերի մասին:

«Մենամարտից առաջ ես միշտ վստահություն եմ ունենում, որ կհաղթեմ: Այն փաստը, որ մեր մենամարտը նախատեսված էր դեկտեմբերի 10-ին, բայց տեղափոխվեց` իմ օգտին էր, քանի որ ես ավելի շատ ժամանակ ունեցա նախապատրաստվելու համար: Այժմ ես ինձ զգում եմ ավելի արագ եւ ուժեղ:

Ռինգում ես միշտ լարված եմ եւ կենտրոնացած: Կլիչկոն իր մրցակիցներին հաղթել է` պարտադրելով սեփական մարտավարությունը: Չեմ կարծում, որ մեր մենամարտում նա կկարողանա դիմանալ իմ հարվածներին: Իսկական ճակատամարտ է լինելու: Կարծում եմ, որ իմ մրցակիցը վախենում է ուժեղ հարվածներից, հետեւաբար նա վախենում է նաեւ ինձնից:

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես յուրաքանչյուր մենամարտից առաջ յուրահատուկ վախ եմ զգում: Ես միշտ հարցնում եմ ինձ, թե ինչ գործ ունեմ այստեղ: Սակայն, երբ ներքին ձայնը փորձում է քեզ հետ կանգնեցնել մենամարտից, ինչ-որ տեղից իսկական ուժ է հայտնվում, որն առաջ է մղում դեպի հաղթանակ», - Մորմեկի խոսքը մեջբերում է L`Equipe-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով