18:47  ,  15 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Հայ բռնցքամարտիկների մրցակիցները

Բաքվում տեղի է ունեցել Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը: 10 քաշային կարգերում պայքարին մասնակցում է 67 կին և 211 տղամարդ: Հայաստանը ներկայացուցիչ ունի 6 քաշային կարգերում: 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/16 եզրափակիչից: Նա հունիսի 19-ին ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16 եզրափակիչում կմրցի հունգարացի Կսոկա Նանդոր - լեհ Յոզվիկ Մարցեյ զույգի հաղթողի հետ: Մենամարտը տեղի կունենա հունիսի 20- ին: Հունիսի 19-ին ռինգ դուրս կգա 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նա ուժերը կչափի Սիլվեստր Կոզլովսկի ( Լեհաստան ) - Ստեֆան Իվանովի ( Բուլղարիա) հետ:

60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը մեկ այլ բուլղարացի` Աուրին Իզմիտովի և ուկրաինացի Վիկտոր Պետրովի հաղթողն է: Մենամարտի օրը հունիսի 21- ն է: 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից: Նրա մրցակիցը լեհ Յորդան Կուլինսկին է: Նիկոլը ռինգ դուրս կգա հունիսի 18-ին:

Այսօր մարզում է անցկացրել Հրաչյա Բաբայանը: Մարզիչ Սեյրան Նիկողոսյանը վստահեցնում է, որ մեր 18-ամյա հրաձիգը շատ լավ մարզավիճակում է: Հրաչյա Բաբայանը մեդալի համար կպայքարի վաղը: Նա կմասնակցի 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը: Մրցումը կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 8-ին, հայտնում է Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղարությունը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում