11:17  +04,  15 մայիսի, 2015

Կարեն Աղամալյան. Պատերազմի ենք գնում Բաքու, կպայքարենք մինչեւ վերջ

Բռնցքամարտիկները ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ են ռինգ դուրս գալ Բաքվում: Ինձ համար մեծ պատասխանատվություն է բռնցքամարտիկներին ուղեկցել Բաքու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, երիտասարդական հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը, որը կգլխավորի Հայաստանի թիմը հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը դեմ էր արհատայտվել Բավքում կայանալիք Խաղերին հայ բռնցքամարտիկների մասնակցությանը եւ հրաժարվել բռնցքամարտիկներին ուղեկցել Բաքու:

Պարոն Աղամալյան, ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը Բաքվում:

Բաքվի Խաղերին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կներկայանա 6 քաշային կարգերում. 49 կգ քաշային կարգում՝ Արտյոմ Ալեքսանյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 56 կգ՝ Արամ Ավագյան, 60 կգ՝ Սամվել Բարսեղյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով եւ 81 կգ՝ Նիկոլ Հարությունով: Այս բռնցքամարտիկները բոլորն էլ գրեթե առաջին համարի մարզիկներ են:

Ի՞նչ կարգով են ընտրվել բռնցքամարտիկները:

Տեղի է ունեցել ֆեդերացիայի նիստ, քննարկվել է կազմը, ընտրվել են քաշային կարգերը, զրուցել ենք մարզիկների հետ, նրանք մասնակցելու համաձայնություն են տվել եւ եկել ենք վերջնական համաձայնության: Զրուցել ենք նաեւ ծնողների հետ, ստացել նրանց համաձայնությունը եւ եկել ընդհանուր որոշման:

Իսկ մարզիկներից ովքե՞ր են դեմ եղել Բաքու մեկնելուն:

Կոնկրետ չեմ կարող ասել, թե որ քաշային կարգերում որ բնռցքամարտիկներն են դեմ եղել Բաքու մեկնելուն, կամ ում ծնողներն են հրաժարվել իրենց երեխաներին թույլ տալ մասնակցել Խաղերին: Այդ մասին գիտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Բայց տեղյակ եմ, որ եղել են մարզիկներ, ովքեր չեն ցանկացել մեկնել Բաքու, նաեւ ծնողներ են դեմ եղել:

Բաքվի Խաղերի արդյունքները համարվելու են նաեւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արդյունք: Ի՞նչ ակնկալիքներ կան այս բռնցքամարտիկներից:

Դեռեւս պարզ չէ, թե Բավքում կայանալիք Եվրոպական Խաղերում որ երկրները, որ թիմերն են մասնակցելու, առաջին, թե երկրորդ համարներով, բայց մենք նախապատրաստվում ենք ամենայն լրջությամբ, մեծ պատրաստակամությամբ: Մենք պատրաստվում ենք, ոչ միայն Բաքվի Խաղերին, այլեւ Եվրոպայի առաջնությանը:

Ինչպիսի՞  նախապատրաստական փուլ են անցնում Խաղերի մասնակից բռնցքամարտիկները:

Այս պահին Երեւանում են ընթանում մեր մարզումները: Այստեղ մենք դեռեւս ֆիզիկական պատրաստվածության վրա ենք կենտրոնացել: Սա պաշտոնական հավաք չէ: Այս բռնցքամարտիկներից երկուսը մեկնելու են միջազգային մրցաշարի, իսկ արդեն մայիսի 29-ից  հավաքականի հետ ուսումնամարզական հավաք կանցնացնենք Աբովյան քաղաքում: Հունիսի 14-ին թիմը կմեկնի Բաքու: Բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան հունիսի 16-ից:

Ձեզ վստահվել է բռնցքամարտիկներին ուղեկցել Բաքու, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարվել է այդ պարտականությունից: Պատասխանատվությունը մե՞ծ է:

Պատասխանատվությունը մեծ է, բացի այդ բոլորն իմ նախկին սաներն են: Միայն կնշեմ, որ չենք գնում Բաքու միայն մասնակցելու, պայքարելու ենք մինչեւ վերջ, մեդալների համար: Բռնցքամարտիկները բոլորը պատրաստ են ռինգ դուրս գալ, մեդալի համար պայքարել: Գտնվում են լավ մարզավիճակում, նորմալ հոգեբանական վիճակում, ոչ մեկը հոգեբանական խնդիրներ, բարդություններ, նեղություններ չունի, որ ռինգ է բարձրանալու Բաքվում:

Իսկ Դուք ինչպե՞ս եք տրամադրված:

Շատ նորմալ: Ես առաջին անգամ չեմ գնում Բաքու՝ մրցումներին: Բաքվում եղել եմ 2011 թվականին: Կգնանք պատերազմի: Անհանգստություն չունեմ, եթե ունենայի, ուրեմն լավ կլիներ ես ընդհանրապես չուղեկցեի թիմին Բաքու եւ առհասարակ, եթե մենք անհանգստություն պետք է ունենանք, ավելի լավ կլինի ընհանրապես չգնանք: Մեզ հետ Բաքու կմեկնի նաեւ պատանիների ավագ մարզիչ Արման Հարությունյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ