11:17 15 մայիսի, 2015Բռնցքամարտիկները ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ են ռինգ դուրս գալ Բաքվում: Ինձ համար մեծ պատասխանատվություն է բռնցքամարտիկներին ուղեկցել Բաքու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, երիտասարդական հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը, որը կգլխավորի Հայաստանի թիմը հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը դեմ էր արհատայտվել Բավքում կայանալիք Խաղերին հայ բռնցքամարտիկների մասնակցությանը եւ հրաժարվել բռնցքամարտիկներին ուղեկցել Բաքու:
Պարոն Աղամալյան, ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը Բաքվում:
Բաքվի Խաղերին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կներկայանա 6 քաշային կարգերում. 49 կգ քաշային կարգում՝ Արտյոմ Ալեքսանյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 56 կգ՝ Արամ Ավագյան, 60 կգ՝ Սամվել Բարսեղյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով եւ 81 կգ՝ Նիկոլ Հարությունով: Այս բռնցքամարտիկները բոլորն էլ գրեթե առաջին համարի մարզիկներ են:
Ի՞նչ կարգով են ընտրվել բռնցքամարտիկները:
Տեղի է ունեցել ֆեդերացիայի նիստ, քննարկվել է կազմը, ընտրվել են քաշային կարգերը, զրուցել ենք մարզիկների հետ, նրանք մասնակցելու համաձայնություն են տվել եւ եկել ենք վերջնական համաձայնության: Զրուցել ենք նաեւ ծնողների հետ, ստացել նրանց համաձայնությունը եւ եկել ընդհանուր որոշման:
Իսկ մարզիկներից ովքե՞ր են դեմ եղել Բաքու մեկնելուն:
Կոնկրետ չեմ կարող ասել, թե որ քաշային կարգերում որ բնռցքամարտիկներն են դեմ եղել Բաքու մեկնելուն, կամ ում ծնողներն են հրաժարվել իրենց երեխաներին թույլ տալ մասնակցել Խաղերին: Այդ մասին գիտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Բայց տեղյակ եմ, որ եղել են մարզիկներ, ովքեր չեն ցանկացել մեկնել Բաքու, նաեւ ծնողներ են դեմ եղել:
Բաքվի Խաղերի արդյունքները համարվելու են նաեւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արդյունք: Ի՞նչ ակնկալիքներ կան այս բռնցքամարտիկներից:
Դեռեւս պարզ չէ, թե Բավքում կայանալիք Եվրոպական Խաղերում որ երկրները, որ թիմերն են մասնակցելու, առաջին, թե երկրորդ համարներով, բայց մենք նախապատրաստվում ենք ամենայն լրջությամբ, մեծ պատրաստակամությամբ: Մենք պատրաստվում ենք, ոչ միայն Բաքվի Խաղերին, այլեւ Եվրոպայի առաջնությանը:
Ինչպիսի՞ նախապատրաստական փուլ են անցնում Խաղերի մասնակից բռնցքամարտիկները:
Այս պահին Երեւանում են ընթանում մեր մարզումները: Այստեղ մենք դեռեւս ֆիզիկական պատրաստվածության վրա ենք կենտրոնացել: Սա պաշտոնական հավաք չէ: Այս բռնցքամարտիկներից երկուսը մեկնելու են միջազգային մրցաշարի, իսկ արդեն մայիսի 29-ից հավաքականի հետ ուսումնամարզական հավաք կանցնացնենք Աբովյան քաղաքում: Հունիսի 14-ին թիմը կմեկնի Բաքու: Բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան հունիսի 16-ից:
Ձեզ վստահվել է բռնցքամարտիկներին ուղեկցել Բաքու, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարվել է այդ պարտականությունից: Պատասխանատվությունը մե՞ծ է:
Պատասխանատվությունը մեծ է, բացի այդ բոլորն իմ նախկին սաներն են: Միայն կնշեմ, որ չենք գնում Բաքու միայն մասնակցելու, պայքարելու ենք մինչեւ վերջ, մեդալների համար: Բռնցքամարտիկները բոլորը պատրաստ են ռինգ դուրս գալ, մեդալի համար պայքարել: Գտնվում են լավ մարզավիճակում, նորմալ հոգեբանական վիճակում, ոչ մեկը հոգեբանական խնդիրներ, բարդություններ, նեղություններ չունի, որ ռինգ է բարձրանալու Բաքվում:
Իսկ Դուք ինչպե՞ս եք տրամադրված:
Շատ նորմալ: Ես առաջին անգամ չեմ գնում Բաքու՝ մրցումներին: Բաքվում եղել եմ 2011 թվականին: Կգնանք պատերազմի: Անհանգստություն չունեմ, եթե ունենայի, ուրեմն լավ կլիներ ես ընդհանրապես չուղեկցեի թիմին Բաքու եւ առհասարակ, եթե մենք անհանգստություն պետք է ունենանք, ավելի լավ կլինի ընհանրապես չգնանք: Մեզ հետ Բաքու կմեկնի նաեւ պատանիների ավագ մարզիչ Արման Հարությունյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.