21:42  ,  23 ապրիլի, 2015

Արթուր Աբրահամ. Աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան գրառումով հիշեցրել է, որ Փոլ Սմիթի նկատմամբ փետրվարի 21-ին տարած հաղթանակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այդ մասին նա Բեռլինում կայացած հաղթական մենամարտից հետո ռինգում ասել էր NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանի հետ ճեպազրույցում։

«Ինձ համար այս հաղթանակը շատ կարեւոր է: Այն նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ճանաչի, իմանա, որ հայերին կոտորել են, սպանել ու չարչարել են մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին: Աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել էր Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին երկրորդ անգամ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111: Արթուր Աբրահամը 42-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ հերթական անգամ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի գոտին: Տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի հետ Աբրահամի չորրորդ մենամարտը կկայանա հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում