22:40  +04,  21 փետրվարի, 2015

NEWS.am Sport-ը՝ Բեռլինից. O2 World մարզապալատը պատրաստ է Աբրահամ - Սմիթ մենամարտին (ֆոտոշարք)

Բեռլինի ամենահայտնի արենա O2 World-ն արդեն պատրաստ է ընդունել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի միջեւ չեմպիոնական մենամարտը, որը կկայանա փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաքում:

Հսկա այս համալիրը կառուցվել է 2008 թվականին եւ համարվում է Բեռլինի կարեւորագույն, բազմաֆունկցիոնալ մարզահամալիրը: Այն տեղավորում է մինչեւ 17 հազար հանդիսատես: Համալիրի կառուցման ծախսը կազմել է մոտ 165 միլիոն եվրո: Այստեղ են անցկացվում աշխարհահռչակ աստղերի, երգիչ-երգչուհիների համերգները, մարզական ամենադիտարժան իրադարձությունները, բասկետբոլի եւ հոկեյի խաղերը: Այս արենայում համերգներ են ունեցել աշխարհահռչակ Metallica խումբը, Լեդի Գագան, Սթինգը, Կայլի Մինոուգը, Մադոննան, Ջենիֆեր Լոպեսը, Բոբ Դիլանը եւ այլք:

O2 World արենայում տնային խաղեր են անցկացնում բասկետբոլի «Ալբա» եւ հոկեյի «Այսբերեն» բեռլինյան ակումբները: Այստեղ են անցկացվում նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենասպասված, ամենամեծ հանդիսատես ապահովող մենամարտերը: Յուրաքանչյուր մենամարտ այստեղ վերածվում է իսկական շոուի: Ասես երկրպագուներն ավելի շատ գալիս են շոուի ականատես լինելու, քան բռնցքամարտ դիտելու:

Արթուր Աբրահամն այս արենայում արդեն երրորդ անգամ է մենամարտում: Բեռլինի O2 World մարզապալատում 2009-ի հոկտեմբերի 17-ին Աբրահամը Super Six World Boxing Classic մրցաշարի իր առաջին մենամարտում նոկաուտի է8 ենթարկել աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորին, իսկ 2012-ի օգոստոսի 25-ին նա մենամարտել է գերմիջին քաշային կարգում WBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ՝ հաղթելով միավորներով:

Այս պահին O2 World արենան արդեն աստիճանաբար լցվում է: Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտից առաջ այստեղ կանցկացվեն տարբեր քաշային կարգերում երկու 6 ռաունդանոց, երկու՝ 8 ռաունդանոց, մեկ՝ 10 ռաունդանոց եւ մեկ՝ 12 ռաունդանոց մարտեր: Ի դեպ, 8 ռաունդանոց հանդիպում կանցկացնի հայազգի բռնցքամարտիկ Նոել Գեւորը, ով կմրցի արգենտինացի Ալեխանդրո էմիլիո Վալորիի հետ:

Աբրահամ - Սմիթ մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 01:30-ին: Այս պահին O2 World արենայի տրբունաները կիսադատարկ են: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարները տրիբունաները կլցնեն օրվա գլխավոր մարտի ժամանակ: Արթուր Աբրահամը կմենամարտի կապույտ անկյունից, Փոլ Սմիթը՝ կարմիր:

Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ