18:52  ,  24 մարտի, 2015

Դերենիկ Գաբրիելյան. Բաքվում բարդ է լինելու, բայց եթե մեդալով վերադառնանք՝ հերոս կունենանք

Ես ամեն ինչ եմ տեսել Բաքվում: Բարդ է լինելու. քար են նետելու, հայոհայնքներ ու սուլոցներ են հնչելու: Բայց եթե կարողանանք մեդալով վերադառնալ, ապա հերոս կունենանք: Ես ուզում եմ, որ մենք այդ հերոսին ունենանք: Իսկ լուրը, թե Սաֆարովն է վառելու Խաղերի կրակը, չի կարող համապատասխանել իրականությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ փոխնախագահ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ը որոշել է մասնակցել հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին: Նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը առաջարկել էր, որ հայ մարզիկներին Բաքվում ուղեկցի ՀԱՕԿ փոխնախագահ, ՀԲՖ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Պարոն Գաբրիելյան, Բաքվում կայանալիք Խաղերին հայ մարզիկներին դուք եք ուղեկցելու: Ինքներդ նաեւ արդեն փորձ ունեցել եք Բաքվում մեր մարզիկների հետ մրցաշարերի մասնակցելու: Որպես ականատես, ի՞նչ կարծիք ունեք Բաքու մեկնելու կամ չմեկնելու  եւ մասնակցության վտանգավորության մասին:

Բաքու մեկնելու որոշումն ընդունվել է կոլեգիալ: Ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը: Եթե որոշվել է, որ պետք է մեկնենք, ուրեմն պետք է մեկնենք եւ մասնակցենք Խաղերին:

Մեր մարզաշխարհի թերեւս միակ ներկայացուցիչն եմ, ով երրորդ անգամ է մեկնելու Բաքու: Ականատես եմ եղել, թե ինչպես է անցնում Բաքվում մրցումները հայ մարզիկների համար: Հավատում եմ, որ Բաքվում մեր տղաները, մեր մարզիկները կկարողանան հաղթանակներ ունենալ եւ տեր կանգնել իրենց հաղթանակներին:  

Մենք Բաքվում ձեռք ենք բերել Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի, ապա Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշ: Կարեւորը հոգեբանորեն տրամադրվելն է, մարտական ոգով Բաքու մեկնելը: Մեր մարզիկները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն, որ բարդ է լինելու, շատ դժվար է լինելու, պետք է հասկանան, որ սա անձնական խնդիր չէ, անձնական տիտղոսները ավելացնելու կամ հաղթանակ գրանցելու խնդիր չէ, այլ՝ ազգային խնդիր է, հայրենիքի խնդիրն է, որն իրենք պարտավոր են պատվով կատարել: Մեծ դեր պետք է խաղա հայրենասիրությունը, հայի ոգին, ծնողները պետք է հասկանան ու տրամադրեն իրենց զավակներին միայն հաղթանակների ու ոգեւորեն մեր մարզիկներին, որ հաղթանակներով են ցանկանում դիմավորել նրանց, որ սպասելու են հաջողություններին: Մեր մարզիկները պետք է գիտակցեն, որ մի ամբողջ ազգ է սպասելու իրենց: Եթե մեզ հաջողվի մի քանի մեդալով վերադառնալ, այն էլ ոսկե մեդալով, այդ մարզիկները ոսկե տառերով իրենց անունը կգրեն հայկական սպորտի պատմության եւ առհասարակ Հայաստանի պատմության մեջ, այդ մարզիկները հերոսներ կդառնան: Ես կուզեմ, որ մենք ունենանք այդ հերոսներին:

Նշեցիք, որ բարդ է լինելու: Երկու անգամ մասնակցել եք Բաքվում անցկացված մրցաշարերի, ի՞նչ է  սպասվում մեր մարզիկներին այնտեղ:

Դժվար է լինելու, սուլոցներ են լինելու, աղմուկներ են լինելու, գուցե խախտումներ լինեն, գուցե հեռախոսներ, քարեր նետեն, հայհոյանք լինի: Մենք պետք է տրամադրվենք, որ գնում ենք մեզ համար ոչ հաճելի երկիր, որտեղ գուցե ամեն ինչ մեր դեմ արվի: Վստահ եմ, որ անվտանգությունը կլինի ամենաբարձր մակարդակի վրա: Լոնդոնից առաջ վարկանիշային մրցաշարի էինք Բավքում, մեզ ամենուր ուղեկցող անվտանգության աշխատակիցը վերջում  կատակով ասաց՝ «ընկեր Գաբրիելյան, եթե հաջորդ անգամ գաք ու մեզ դիտողություններ չլինեն, ես գեներալի կոչում կստանամ»:

Կկարողանա՞ն մեր մարզիկները մեդալով վերադառնալ: Բռնցքամարտիկներից ո՞ւմ եք տեսնում Բաքվի ռինգում եւ ի՞նչ սպասելիք կա:

Բաքվից ակնկալիքներ ունենք, մեդալի հույս կա: Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունից հետո Բաքվում տեսնում եմ Հայաստանի չեմպիոններ,  52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին, 56 կգ քաշային Արամ Ավագյանին,  60 կգ քաշային Կարեն Տոնականյանին: Այս մարզիկները կարող են կռվի դուրս գալ Բաքվում եւ պատվով ներկայացնել Հայաստանը:

Արթուր Գեւոգյանը հայտարարել է, թե տարածված լուրերի համաձայն, եթե Խաղերի կրակը վառի Ռամիլ Սաֆարովը, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Բաքվի Խաղերին: Ի՞նչ կասեք այս մասին:

Իմ կարծիքով, Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Չեմ կարծում, որ նրան թույլ տան կրակ վառի կամ նման քայլի գնա Ադրբեջանը: Այդպիսի բան չի կարող լինել, սա լրագրողների երեւակայության արդյունքն է, կամ Ադրբեջանում չեն ուզում, որ մենք մասնակցենք այդ Խաղերին, գնանք Բաքու, եւ նման սուտ ինֆորմացիա են տարածում: Ռամիլ Սաֆարովը գեներալի հագուստով չի կարող վառել Խաղերի կրակը: Սա Բաքվի Խաղերը չեն, այլ Եվրոպական օլիմպիական կոմիտեի Խաղերն են: Ըստ օլիմպիական կանոնակարգի՝ Խաղերի կրակը սովորաբար վառում է որեւէ հանրահայտ մարզիկ, օլիմպիական չեմպիոն: Սաֆարովը որեւէ կապ չունի սպորտի եւ Բաքվի Խաղերի հետ:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով