18:52 24 մարտի, 2015Ես ամեն ինչ եմ տեսել Բաքվում: Բարդ է լինելու. քար են նետելու, հայոհայնքներ ու սուլոցներ են հնչելու: Բայց եթե կարողանանք մեդալով վերադառնալ, ապա հերոս կունենանք: Ես ուզում եմ, որ մենք այդ հերոսին ունենանք: Իսկ լուրը, թե Սաֆարովն է վառելու Խաղերի կրակը, չի կարող համապատասխանել իրականությանը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ փոխնախագահ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ը որոշել է մասնակցել հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին: Նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը առաջարկել էր, որ հայ մարզիկներին Բաքվում ուղեկցի ՀԱՕԿ փոխնախագահ, ՀԲՖ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Պարոն Գաբրիելյան, Բաքվում կայանալիք Խաղերին հայ մարզիկներին դուք եք ուղեկցելու: Ինքներդ նաեւ արդեն փորձ ունեցել եք Բաքվում մեր մարզիկների հետ մրցաշարերի մասնակցելու: Որպես ականատես, ի՞նչ կարծիք ունեք Բաքու մեկնելու կամ չմեկնելու եւ մասնակցության վտանգավորության մասին:
Բաքու մեկնելու որոշումն ընդունվել է կոլեգիալ: Ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը: Եթե որոշվել է, որ պետք է մեկնենք, ուրեմն պետք է մեկնենք եւ մասնակցենք Խաղերին:
Մեր մարզաշխարհի թերեւս միակ ներկայացուցիչն եմ, ով երրորդ անգամ է մեկնելու Բաքու: Ականատես եմ եղել, թե ինչպես է անցնում Բաքվում մրցումները հայ մարզիկների համար: Հավատում եմ, որ Բաքվում մեր տղաները, մեր մարզիկները կկարողանան հաղթանակներ ունենալ եւ տեր կանգնել իրենց հաղթանակներին:
Մենք Բաքվում ձեռք ենք բերել Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի, ապա Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշ: Կարեւորը հոգեբանորեն տրամադրվելն է, մարտական ոգով Բաքու մեկնելը: Մեր մարզիկները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն, որ բարդ է լինելու, շատ դժվար է լինելու, պետք է հասկանան, որ սա անձնական խնդիր չէ, անձնական տիտղոսները ավելացնելու կամ հաղթանակ գրանցելու խնդիր չէ, այլ՝ ազգային խնդիր է, հայրենիքի խնդիրն է, որն իրենք պարտավոր են պատվով կատարել: Մեծ դեր պետք է խաղա հայրենասիրությունը, հայի ոգին, ծնողները պետք է հասկանան ու տրամադրեն իրենց զավակներին միայն հաղթանակների ու ոգեւորեն մեր մարզիկներին, որ հաղթանակներով են ցանկանում դիմավորել նրանց, որ սպասելու են հաջողություններին: Մեր մարզիկները պետք է գիտակցեն, որ մի ամբողջ ազգ է սպասելու իրենց: Եթե մեզ հաջողվի մի քանի մեդալով վերադառնալ, այն էլ ոսկե մեդալով, այդ մարզիկները ոսկե տառերով իրենց անունը կգրեն հայկական սպորտի պատմության եւ առհասարակ Հայաստանի պատմության մեջ, այդ մարզիկները հերոսներ կդառնան: Ես կուզեմ, որ մենք ունենանք այդ հերոսներին:
Նշեցիք, որ բարդ է լինելու: Երկու անգամ մասնակցել եք Բաքվում անցկացված մրցաշարերի, ի՞նչ է սպասվում մեր մարզիկներին այնտեղ:
Դժվար է լինելու, սուլոցներ են լինելու, աղմուկներ են լինելու, գուցե խախտումներ լինեն, գուցե հեռախոսներ, քարեր նետեն, հայհոյանք լինի: Մենք պետք է տրամադրվենք, որ գնում ենք մեզ համար ոչ հաճելի երկիր, որտեղ գուցե ամեն ինչ մեր դեմ արվի: Վստահ եմ, որ անվտանգությունը կլինի ամենաբարձր մակարդակի վրա: Լոնդոնից առաջ վարկանիշային մրցաշարի էինք Բավքում, մեզ ամենուր ուղեկցող անվտանգության աշխատակիցը վերջում կատակով ասաց՝ «ընկեր Գաբրիելյան, եթե հաջորդ անգամ գաք ու մեզ դիտողություններ չլինեն, ես գեներալի կոչում կստանամ»:
Կկարողանա՞ն մեր մարզիկները մեդալով վերադառնալ: Բռնցքամարտիկներից ո՞ւմ եք տեսնում Բաքվի ռինգում եւ ի՞նչ սպասելիք կա:
Բաքվից ակնկալիքներ ունենք, մեդալի հույս կա: Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունից հետո Բաքվում տեսնում եմ Հայաստանի չեմպիոններ, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանին: Այս մարզիկները կարող են կռվի դուրս գալ Բաքվում եւ պատվով ներկայացնել Հայաստանը:
Արթուր Գեւոգյանը հայտարարել է, թե տարածված լուրերի համաձայն, եթե Խաղերի կրակը վառի Ռամիլ Սաֆարովը, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Բաքվի Խաղերին: Ի՞նչ կասեք այս մասին:
Իմ կարծիքով, Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Չեմ կարծում, որ նրան թույլ տան կրակ վառի կամ նման քայլի գնա Ադրբեջանը: Այդպիսի բան չի կարող լինել, սա լրագրողների երեւակայության արդյունքն է, կամ Ադրբեջանում չեն ուզում, որ մենք մասնակցենք այդ Խաղերին, գնանք Բաքու, եւ նման սուտ ինֆորմացիա են տարածում: Ռամիլ Սաֆարովը գեներալի հագուստով չի կարող վառել Խաղերի կրակը: Սա Բաքվի Խաղերը չեն, այլ Եվրոպական օլիմպիական կոմիտեի Խաղերն են: Ըստ օլիմպիական կանոնակարգի՝ Խաղերի կրակը սովորաբար վառում է որեւէ հանրահայտ մարզիկ, օլիմպիական չեմպիոն: Սաֆարովը որեւէ կապ չունի սպորտի եւ Բաքվի Խաղերի հետ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.