Մենք արդեն մասնակցում ենք մրցաշարերի մեզ հատուկ ոճով, տեխնիկայով, ոչ թե այն անհասկանալի բռնցքամարտով, ինչ ունեինք նախկինում: Մեր խոչընդոտներն այժմ մրցավարական անարդարություններն են միայն, բռնցքամարտում ամեն ինչ իր հունով է ընթանում, ռինգում հայ բռնցքամարտիկները խելացի եւ դիտարժան մենամարտեր են ցուցադրում: Բայց անելիքներ դեռ շատ ունենք մինչեւ Ռիո-2016:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 23-ից մարտի 1-ը կայացած «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը մասնակցեց 10 քաշային կարգերում՝ 10 բռնցքամարտիկներով: Հայաստանի հավաքականը վերադարձավ երկու մեդալով։ Գյումրեցի երիտասարդ բռնցքամարտիկ, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը նվաճեց բրոնզե, իսկ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը՝ արծաթե մեդալ: Մրցաշարին մասնակցում էին 34 երկրի 240 բռնցքամարտիկներ:
Պարոն Թորոսյան, ինչպե՞ս կգնահատեք հավաքականի մասնակցությունը «Ստրանջայի» 66-րդ միջազգային մրցաշարին։ Մեկական բրոնզե եւ արծաթե մեդալները ձեզ բավարարո՞ւմ են:
Մեր բռնցքամարտիկների մրցելույթներից գոհ եմ: Գնահատականս՝ լավ է: Բայց շատ դժգոհ եմ մրցավարությունից: Այս մրցաշարում ուղղակի խայտառակ մրցավարություն էր: Օրինակ՝ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանին, ով արծաթե մեդալը նվաճեց, բառացիորեն զրկեցին առաջին տեղից եւ նրանից խլեցին հաղթանակը՝ ոսկե մեդալը: Պատճառը մրցավարությունն էր: Մրցավարական անարդարություններ շատ ենք տեսել, եղել են դեպքեր, երբ մեզնից գողացել են հաղթանակները, բայց այս քանակությամբ եւ այսքան նպատակային՝ անսպասելի էր: Մեզնից խլեցին 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի, 75 կգ Արման Հովհիկյանի մեդալները, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի եւ 60 կգ Սամվել Բարսեղյանի ոսկե մեդալները: Խայտառակ մրցավարություն էր:
Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարերում պարբերաբար հանդիպում են մրցավարական անարդարությունների: Այս անգամ որո՞նք էին անարդար մրցավարության պատճառները:
Անհասկանալի է: Այս մրցաշարում վարագույրից այն կողմ անհասկանալի գործողություններ, պայմանավորվածություններ կային: Եվ այդ ամենը միայն Հայաստանի նկատմամբ չէր, այլ՝ բոլորի: Չնայած սա միջազգային մրցաշար էր, բայց մրցավարները ջանում էին իրենցը տանել առաջ եւ նրանց մոտ դա հաջողվում էր: Երկրներ կան, որ զբաղված են այս կամ այն երկրի մենամարտերը գողանալով: Այսօրինակ միջազգային մրցաշարերում բռնցքամարտի հին տրադիցիան դեռեւս գործում է՝ գողանալ, փախցնել մենամարտը, միավորը, հաղթանակը, մեդալը:
Իսկ բողոքարկումների ինչո՞ւ չդիմեցիք:
Բողոքարկելու հնարավորություն կար, բայց քանի որ սա միջազգային մրցաշար էր եւ ոչ վարկանիշային, իսկ մեզ այս մրցումից եւ նման մրցումներից հարկավոր է փորձ՝ բողոքարկելու իմաստ չտեսա: Մի քանի երկրներ բողոքարկեցին եւ իրենց թիմերին հանեցին հայտագրումից: Առաջինը Թուրքիայի թիմն էր. մրցումների մեկնարկից երկու օր անց նրանք ամբողջ թիմով դուրս եկան եւ հետ գնացին: Մրցաշարից դուրս եկան նաեւ Իրաքի, Մոլդովայի, Բելառուսի թիմերը: Այս թիմերը բողոքարկեցին եւ բողոքարկման արդյունքում դուրս եկան: Բողոքարկելու ամենամեծ հնարավորությունը մենք ունեինք, ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, բայց չբողոքարկեցի, քանի որ նպատակ չտեսա:
Նշեցիք, որ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի հաղթանակը գողացան։ Նա բավարարվեց բրոնզե մեդալով: Ինչպե՞ս կգնահատեք Արթուրի ելույթը մրցաշարում:
Այս երիտասարդն այսօր լիդերության բոլոր պայմաններ ունի հավաքականում: Արտակարգ տաղանդավոր տղա է Արթուր Հովհաննիսյանը: Նրա ցուցադրած մենամարտերից շատ գոհ եմ: Ռիո-2016-ի ուղեգրի վարկանիշ նվաճելու հույսեր կան: Չնայած Արթուրի երիտասարդ տարիքին, բայց նա ունի օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու բոլոր նախադրյալները:
Իսկ Սամվել Բարսեղյանի մասին ի՞նչ կասեք:
Արծաթե մեդալակիր 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը նորություն է ինձ համար, այդ թվում եւ Հայաստանի բռնցքամարտի համար: Նոր մոդելի բռնցքամարտն ամենալավն ինքն է կիրառում: Շատ լավ մարզիկ է, շատ լավ մենամարտ է վարում, գրագետ, դիտարժան: Անգամ մարդիկ զարմանում են, որ հայ բռնցքամարտիկների մեջ այս ոճով մենամարտողներ կան: Արտակարգ ելույթ ունեցավ, շատ գոհ եմ Սամվելից:
Եզրափակիչում Սամվելը բացարձակ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Ցավոք կանգնեցնում էին մենամարտը՝ մեր մրցակցին հանգստացնելու նպատակով: Երրորդ ռաունդում Սամվելը լիովին գերազանցեց մրցակցին եւ կարծեցի, թե այժմ կկանգնեցնեն եւ բացարձակ առավելությամբ հաղթանակը կշնորհեն Հայաստանի ներկայացուցչին, բայց դա տեղի չունեցավ: Արդյունքում տարաձայնություններ եղան եւ հաղթանակը տվեցին մրցակցին: Եթե անարդար մրցավարություն չլիներ, ոսկե մեդալը մերն էր լինելու: Բայց այնտեղ նստած էին մարդիկ, ովքեր ի սկզբանե հստակ պայմանավորվածություններ ունեին:
Հայաստանը հանդես եկավ լիարժեք թիմով՝ 10 քաշային կարգերում: Այս մրցաշարում ո՞վ Ձեզ հիացրեց, ո՞վ հիասթափեցրեց:
Այս մրցաշարում ինձ համար բացահայտում էր Սամվել Բարսեղյանը, նա եւ զարմացնում է եւ հիացնում բոլորին արդեն տեւական ժամանակ: Իր քաշային կարգում նա մեծ ապագա ունի:
52 կգ-ում Կորյուն Սողոմոնյանն է ինձ հիացրել: Վերջին մրցաշարերում իրեն ցուցաբերում է արտակարգ ունակություններով, լիովին նոր բռնցքամարտ է ցուցադրում ռինգում: Շատ գոհ եմ Կորյունից, նա արդեն մի քանի մրցաշար է ինձ հիացնում է իր շատ հետաքրքիր եւ դիտարժան մենամարտերով: Ուղղակի այս մրցաշարում նրանից գողացան մեդալը, ինչպես արեցին Արթուր Հովհաննիսյանի հետ:
Գոհ չեմ Հենրիկ Մոքոյանի մրցելույթներից: Հենրիկն իսկապես պարտվեց այս մրցաշարում: Չկար որեւէ անարդարություն: Ինձ չեն բավարարել մյուս քաշային կարգերի Հայաստանի ներկայացուցիչները: Մյուս բոլորի պարագայում մրցավարական կողմնապահություններ չեն եղել: Այն մարտերում, որոնցում տարվեցինք, այդ քաշային կարգերի մեր բռնցքամարտիկներին ասելիք չունեմ: Սա նշանակում է, որ նրանք զարգանալու տեղ ունեն:
Հավաքականում փոփոխություններ դեռ կլինեն: Մարտի 17-ին տեղի կունենա Հայաստանի առաջնությունը եւ կազմը որոշակի փոփոխությունների կենթարկվի: Սակայն այն կազմը եւ այն որակը, որն ունենք այսօր, ինձ գոհացնում է։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում