Դավիթ Թորոսյան. Սոֆիայում խայտառակ մրցավարություն էր, հայ մարզիկներից «գողացան» մեդալները

16:18   3 մարտի, 2015

Մենք արդեն մասնակցում ենք մրցաշարերի մեզ հատուկ ոճով, տեխնիկայով, ոչ թե այն անհասկանալի բռնցքամարտով, ինչ ունեինք նախկինում: Մեր խոչընդոտներն այժմ մրցավարական անարդարություններն են միայն, բռնցքամարտում ամեն ինչ իր հունով է ընթանում, ռինգում հայ բռնցքամարտիկները խելացի եւ դիտարժան մենամարտեր են ցուցադրում: Բայց անելիքներ դեռ շատ ունենք մինչեւ Ռիո-2016:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 23-ից մարտի 1-ը կայացած «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը մասնակցեց 10 քաշային կարգերում՝ 10 բռնցքամարտիկներով: Հայաստանի հավաքականը վերադարձավ երկու մեդալով։ Գյումրեցի երիտասարդ բռնցքամարտիկ, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը նվաճեց բրոնզե, իսկ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը՝ արծաթե մեդալ: Մրցաշարին մասնակցում էին 34 երկրի  240 բռնցքամարտիկներ:

Պարոն Թորոսյան, ինչպե՞ս կգնահատեք հավաքականի մասնակցությունը «Ստրանջայի» 66-րդ միջազգային մրցաշարին։ Մեկական բրոնզե եւ արծաթե մեդալները ձեզ բավարարո՞ւմ են:

Մեր բռնցքամարտիկների մրցելույթներից գոհ եմ: Գնահատականս՝ լավ է: Բայց շատ դժգոհ եմ մրցավարությունից: Այս մրցաշարում ուղղակի խայտառակ մրցավարություն էր: Օրինակ՝ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանին, ով արծաթե մեդալը նվաճեց, բառացիորեն զրկեցին առաջին տեղից եւ նրանից խլեցին հաղթանակը՝ ոսկե մեդալը: Պատճառը մրցավարությունն էր: Մրցավարական անարդարություններ շատ ենք տեսել, եղել են դեպքեր, երբ մեզնից գողացել են հաղթանակները, բայց այս քանակությամբ եւ այսքան նպատակային՝ անսպասելի էր: Մեզնից խլեցին 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի, 75 կգ Արման Հովհիկյանի մեդալները, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի եւ 60 կգ Սամվել Բարսեղյանի ոսկե մեդալները: Խայտառակ մրցավարություն էր:

Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարերում պարբերաբար հանդիպում են մրցավարական անարդարությունների: Այս անգամ որո՞նք էին անարդար մրցավարության պատճառները:

Անհասկանալի է: Այս մրցաշարում վարագույրից այն կողմ անհասկանալի գործողություններ, պայմանավորվածություններ կային: Եվ այդ ամենը միայն Հայաստանի նկատմամբ չէր, այլ՝ բոլորի: Չնայած սա միջազգային մրցաշար էր, բայց մրցավարները ջանում էին իրենցը տանել առաջ եւ նրանց մոտ դա հաջողվում էր: Երկրներ կան, որ զբաղված են այս կամ այն երկրի մենամարտերը գողանալով: Այսօրինակ միջազգային մրցաշարերում բռնցքամարտի հին տրադիցիան դեռեւս գործում է՝ գողանալ, փախցնել մենամարտը, միավորը, հաղթանակը, մեդալը:

Իսկ բողոքարկումների ինչո՞ւ չդիմեցիք:

Բողոքարկելու հնարավորություն կար, բայց քանի որ սա միջազգային մրցաշար էր եւ ոչ վարկանիշային, իսկ մեզ այս մրցումից եւ նման մրցումներից հարկավոր է փորձ՝ բողոքարկելու իմաստ չտեսա: Մի քանի երկրներ բողոքարկեցին եւ իրենց թիմերին հանեցին հայտագրումից: Առաջինը Թուրքիայի թիմն էր. մրցումների մեկնարկից երկու օր անց նրանք ամբողջ թիմով դուրս եկան եւ հետ գնացին: Մրցաշարից դուրս եկան նաեւ Իրաքի, Մոլդովայի, Բելառուսի թիմերը: Այս թիմերը բողոքարկեցին եւ բողոքարկման արդյունքում դուրս եկան: Բողոքարկելու ամենամեծ հնարավորությունը մենք ունեինք, ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, բայց չբողոքարկեցի, քանի որ նպատակ չտեսա:

Նշեցիք, որ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի հաղթանակը գողացան։ Նա բավարարվեց բրոնզե մեդալով: Ինչպե՞ս կգնահատեք Արթուրի ելույթը մրցաշարում:

Այս երիտասարդն այսօր լիդերության բոլոր պայմաններ ունի հավաքականում: Արտակարգ տաղանդավոր տղա է Արթուր Հովհաննիսյանը: Նրա ցուցադրած մենամարտերից շատ գոհ եմ: Ռիո-2016-ի ուղեգրի վարկանիշ նվաճելու հույսեր կան: Չնայած Արթուրի երիտասարդ տարիքին, բայց նա ունի օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու բոլոր նախադրյալները:

Իսկ Սամվել Բարսեղյանի մասին ի՞նչ կասեք:

Արծաթե մեդալակիր 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը նորություն է ինձ համար, այդ թվում եւ Հայաստանի բռնցքամարտի համար: Նոր մոդելի բռնցքամարտն ամենալավն ինքն է կիրառում: Շատ լավ մարզիկ է, շատ լավ մենամարտ է վարում, գրագետ, դիտարժան: Անգամ մարդիկ զարմանում են, որ հայ բռնցքամարտիկների մեջ այս ոճով մենամարտողներ կան: Արտակարգ ելույթ ունեցավ, շատ գոհ եմ Սամվելից:

Եզրափակիչում Սամվելը բացարձակ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Ցավոք կանգնեցնում էին մենամարտը՝ մեր մրցակցին հանգստացնելու նպատակով: Երրորդ ռաունդում Սամվելը լիովին գերազանցեց մրցակցին եւ կարծեցի, թե այժմ կկանգնեցնեն եւ բացարձակ առավելությամբ հաղթանակը կշնորհեն Հայաստանի ներկայացուցչին, բայց դա տեղի չունեցավ: Արդյունքում տարաձայնություններ եղան եւ հաղթանակը տվեցին մրցակցին: Եթե անարդար մրցավարություն չլիներ, ոսկե մեդալը մերն էր լինելու: Բայց այնտեղ նստած էին մարդիկ, ովքեր ի սկզբանե հստակ պայմանավորվածություններ ունեին:

Հայաստանը հանդես եկավ լիարժեք թիմով՝ 10 քաշային կարգերում: Այս մրցաշարում ո՞վ Ձեզ հիացրեց, ո՞վ հիասթափեցրեց:

Այս մրցաշարում ինձ համար բացահայտում էր Սամվել Բարսեղյանը, նա եւ զարմացնում է եւ հիացնում բոլորին արդեն տեւական ժամանակ: Իր քաշային կարգում նա մեծ ապագա ունի:

52 կգ-ում Կորյուն Սողոմոնյանն է ինձ հիացրել: Վերջին մրցաշարերում իրեն ցուցաբերում է արտակարգ ունակություններով, լիովին նոր բռնցքամարտ է ցուցադրում ռինգում: Շատ գոհ եմ Կորյունից, նա արդեն մի քանի մրցաշար է ինձ հիացնում է իր շատ հետաքրքիր եւ դիտարժան մենամարտերով: Ուղղակի այս մրցաշարում նրանից գողացան մեդալը, ինչպես արեցին Արթուր Հովհաննիսյանի հետ:

Գոհ չեմ Հենրիկ Մոքոյանի մրցելույթներից: Հենրիկն իսկապես պարտվեց այս մրցաշարում: Չկար որեւէ անարդարություն: Ինձ չեն բավարարել մյուս քաշային կարգերի Հայաստանի ներկայացուցիչները: Մյուս բոլորի պարագայում մրցավարական կողմնապահություններ չեն եղել: Այն մարտերում, որոնցում տարվեցինք, այդ քաշային կարգերի մեր բռնցքամարտիկներին ասելիք չունեմ: Սա նշանակում է, որ նրանք զարգանալու տեղ ունեն:

Հավաքականում փոփոխություններ դեռ կլինեն: Մարտի 17-ին տեղի կունենա Հայաստանի առաջնությունը եւ կազմը որոշակի փոփոխությունների կենթարկվի: Սակայն այն կազմը եւ այն որակը, որն ունենք այսօր, ինձ գոհացնում է։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.